Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է տվյալագիտական վերլուծություն և գրել, որ Հայաստանում այս պահին կա 100 հազարից ավել վարակակիր: Ընդամենը երեք օր առաջ վարչապետը պնդում էր, որ երկրում 20 հազար մարդ կա, որ չգիտի, որ ասիմպտոմ կորոնավիրուսակիր է։
Երկրի առաջին դեմքի կողմից համավարակի աղետալի վիճակում սիրողական մակարդակի թվեր ներկայացնելը բացահայտում է վարակի դեմ պայքարին վերաբերմունքի պատասխանատվության մակարդակը։ Այսպիսի թվերը պետք է համատարած թեստավորման հիմք դառնային։ Յուրաքանչյուր չբացահայտված անսիմպտոմ հիվանդը հարազատների, ընկերների, մնացած քաղաքացիների կյանքն է վտանգում։
Անդադար լայվերը, բրիֆինգները ու ֆեյսբուքյան հակասական գրառումները ի ցույց դրեցին այն անլրջությունը, որով իշխանությունը վերաբերում է համավարակին և հասարակությանը։ Ինչպես կարելի է մի քանի օրվա պարբերականությամբ ներկայացնել իրարից ռադիկալ տարբերվող, չճշտված թվեր, վարակի մասին ոչ մասնագիտական «խորը» վերլուծություններ, այն դեպքում, երբ նույնիսկ աշխարհի առաջադեմ, նեղ մասնագետները իրենց վրա չեն վերցնում այդպիսի պատասխանատվություն։
Նույնն էր վերաբերմունքը թվերին ի սկզբանե։ Դեռևս ապրիլի 6-ին վարչապեստը հայտարարում էր, որ ուրբաթ օրվանից օրական 1000 թեստ ենք անելու, իսկ երկուշաբթի հայտարարում է, որ թեստերի թիվը 1000-ի չի հասնի, թեստի համար ուղղակի ցուցում պետք է լինի, հակառակ դեպքում կլինի ժամանակի և ռեսուրսի կորուստ։
Նույն անլուրջ վերաբերմունքն էր, երբ առողջապահության նախարարությունից տեղեկացնում էին, որ մնացել է ընդամենը 7000 թեստ։ Շատերին թվում էր, թե դա հսկայական թիվ է, մինչդեռ իրականում դա ահազանգ էր։ Թվերը հանգիստ հայտարարելու փոխարեն, հենց այդ պահին իշխանությունները պետք է դիմեին միջազգային գործընկերներին՝ աջակցության խնդրանքով։ Այդ 7000-ը պետք է օգտագործվի մեկ օրվա ընթացքում, որպեսզի հետո վարակի մասին մաթեմատիկական հաշվարկներով վերլուծություններ չարվեն, այլ տվյալները հիմնվեն փաստացի արված թեստերի վրա։ Աշխարհը գնում է թեստավորման քանակների աննախադեպ աճի, իսկ մենք մտածում ենք 7000-ը դեռ երկար է բավականացնելու։
Իշխանության ներկայացուցիչների յուրաքանչյուր հաջորդ հայտարարությունը մեծ մասամբ դատարկ խոսակցություններ են հիշեցնում։ Այսպիսի քայլերով աղետը չի զսպվելու։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը