ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը գրում է.
«Երկու տարի առաջ մի փոքր բան էի դրել, նորովի հայացքով մի հատ էլ կարդացեք, կհսնդիպեք կանխատեսումների, որոնք իրականություն են այսօր
ՀԵՂԱՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՕՐԻՆԱՉԱՓՈւԹՅՈւՆՆԵՐԸ
Մաս 1
Հեղափոխությունից առաջ՝ տիրող վարչակարգերի դեմ գաղափարական պայքարի տրամաբանության մեջ է մտնում իշխանության քարոզած արժեհամահարգի դեմ պայքարը, դրա տարբեր հիմնասյուների հիմքերի սասանումը, անհատական վարքագծով ընդունված վարքականոններին ցուցադրական հակադրումը։ Այսպես է եղել ամբողջ աշխարհում եւ Հայաստանը բացառություն չէ։
Որքան երկար է տեւում վարչակարգերի հոգեվարքը, հասարակության առավել արմատական շերտի՝ կարճ ժամանակում որպես վարքագծային տարբերվող դրսեւորումը աստիճանաբար հանգեցնում է «գաղափարական» այլընտրանքային մոտեցումների համակարգի ձեւավորմանը։ Այս համակարգի առանցքը կազմում են առաջին հերթին իշխանության կրողների կողմից անարդարության, կոռուպցիայի, անպատժելիության, հղփացածության, համատարած ստի ու կեղծիքի եւ այլ հոռի երեւույթների դեմ անհաշտ պայքար մղելու վճռականությունը։ Այսպիսի դրսևորումների ամենաակնառու օրինակն է հիպիական շարժումը, որը սկիզբ է առել 60-ականներին ԱՄՆ-ում, սակայն այս գաղափարները տարածվել են ամբողջ աշխարհում։ Ոչ քաղաքական հիպպիական, իր էությամբ հասարակական գոյություն ունեցող արժեքների մերժման վրա ստեղծված շարժումը չէր կարող չդրսևորվել նաև քաղաքական համակարգի մերժման մեջ, և այստեղ հիպպիական շարժման միջից ծնունդ է առնում յիպպիական շարժումը, որը մերժելով քաղաքական գոյություն ունեցող համակարգը, ինքը չձևավորվելով որպես քաղաքական շարժում, կազմակերպում է ցույցեր և երթեր իշխանությունների դեմ և նույնիսկ առաջադրում է նախագահության իր «թեկնածուին»՝ Պեգասուս անունով խոզին։ Այդ շարժումների շարքին կարելի է դասել նաև 1968 – ին Ֆրանսիայում սկիզբ առած ուսանողական շարժումնը, որի ծագման պատճառը սոցիալական էր, սակայն գաղափարական առումով իր մեջ ներառում էր քաղաքական ամբողջ ներկապնակը՝ ուլտրաաջերից մինչև կոմունիստներ, անարխիստներից մինչև պացիֆիստներ։
Սակայն արժեհամակարգի համատարած մերժողականությունը հաճախ հանգեցնում է նաեւ իշխանության կողմից քարոզչության ընթացքում օգտագործվող, իրականում հասարակության գոյատեւման եւ զարգացման համար իսկապես անհրաժեշտ արժեքների (ընտանիք, հայրենիք, հավատ, անկախություն, բանակ, հայրենասիրություն, բարոյականություն) եւ դրանց մասին խոսող ոչ միայն իշխող վարչակարգի կարկառուն ներկայացուցիչների, այլեւ քաղաքական, մտավորական, գիտական եւ այլեւայլ շրջանակների վարկաբեկմանն ու մերժմանը։ Այս արժեքների ցուցադրական վարկաբեկումը հաճախ նույնացվում է «արմատական հեղափոխականության» հետ եւ հասարակության մի զգալի մասի կողմից սկսում են ընկալվել որպես «ռեժիմի» դեմ անհաշտ պայքարի արտահայտություն։ Հասարակության ներսում առկա՝ իշխանության դեմ խոր եւ խուլ դժգոհության «պահանջարկը» հաճախ սկսում է բավարարվել բացահայտ հայհոյանքի «առաջարկով» եւ այդ հասարակության ամբողջ արժեհամակարգը թիրախավորողները սկսում են ընկալվել որպես հասարակության սպասելիքների եւ ակնկալիքների արտահայտողներ։
(շարունակելի)»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը