02 06 2020

Մենք 1-2-3 օր ունենք, որպեսզի որակական իրավիճակ փոխենք․ Փաշինյան



Կեսօրին ես պարետատան նիստ եմ հրավիրել եւ հանձնարարել, որ պետք է հետեւենք հակահամաճարակային կանոններին ամենակոշտ եւ ամենաչոր ձեւով՝ հաշվի չառնելով ոչ մի փաստարկ: Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հարկադրանքի ենթարկվող մեր քաղաքացիները պետք է նախապես մտածեն այդ իրավիճակի մասին: Եթե մեկը սննդամթերքի վաճառք է կազմակերպում, նախապես պետք է մտածի որ այդ վաճառքը պետք է կազմակերպի պատերատան կանոններով:

Մենք այսօր կանգնած ենք հետեւյալ հանգրվանին. Կամ այն փաստի բերումով, որ կանոնները չեն պահպանվում, մենք գնում ենք նորից համատարած արգելափակումների՝ զուգորդելով պարետային ժամով, երկիրը ենթարկելով նոր տնտեսական ու սոցիալական ցնցումների, կամ մենք միասին համագործակցված իրար հետ հսկողության տակ ենք առնում իրավիճակը եւ արձանագրում ենք արդյունքներ:

Իմ դիրքորոշումը մեկն է, որ անկախ այս երկու սցենարներից, պետք է հսկողությունը կատարվի ամենախիստ, ամենաչոր ձեւով՝ հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ, ոչ մի փաստարկ, ոչ մի զգացմունքային պահ: Մենք սրա համար ընդամենը 1-2-3 օր ունենք, որպեսզի երկրում որակական իրավիճակ փոխենք»,-ընդգծեց վարչապետը՝ շեշտոլով, որ կորոնավիրուսի վարակի հետ կապված իրավիճակը շարունակում է ահագնանալ Հայաստանում, ցավոք սրտի: 

Նրա խոսքով, հիմնական հարցը, որ ծագում է, հետեւյալն է՝ ինչու է այս ամենը մեզ հետ տեղի ունենում. «Ես ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել, որ ամենամեծ պրոբլեմը հակահամաճարակային կանոնների պահպանումն է: Մենք ունենք համոզվածություն, որ այդ կանոնների պահպանումը կբերի վարակի թվերի նվազման, ընդհուպ մինչեւ զրոյացման:

Մեր իշխանության ծագումնաբանությունը, ըստ էության, այս իրավիճակում աշխատում է մեր դեմ: Որովհետեւ ՀՀ-ում 2018-ից հետո վախի մթնոլորտը զրոյացել է, բայց դրա փոխարեն օրինապահության մթնոլորտը դեռ պատշաճ աստիճանի չի հասել: Ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ խախտումների արձանագրման որակի եւ կոշտության հետ էլ պրոբլեմ ունենք:

Ես մի օրինակ բերեմ, երբ առեւտրի վայրում կանոնների խախտում է արձանագրվում, եւ որում է կայացվում այդ վայրը փակել, եւ այն ենթադրաբար վարակի տարածման շատ լուրջ աղբյուր է, հաջորդ պահին գալիս են փաստարկներ, որ առեւտուր անողների մթերքը կփչանա, նրանք վնասներ կկրեն: Մենք այստեղ գործ ունենք վարչարարության կոշտության պակասի հետ:

Այս ամենը սրվում է երկրում հաստատված այն մթնոլորտով, որ եթե ենթադրենք վարունգի կամ լոլիկի որեւէ կետ շատ չոր կերպով փակվի, ի հայտ կգան մեկնաբանություններ, որ երկրի վարչապետը որոշել է վարունգի, լոլիկի  կամ կանաչիի  առեւտրի մենաշնորհ հաստատել»,-ասաց Փաշինյանը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ