Օրերս ռուսաստանաբնակ գործարար Աշոտ Օրդուխանյանի կողմից նվեր եմ ստացել լուսանկարում ներկայացված Տոյոտա LC 200 մակնիշի մեքենան՝ ծառայողական նպատակով օգտագործելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ հրապարակել մեքենայի լուսանկարը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այն արդեն գտնվում է պետական հաշվեկշռում, եւ դրանից օգտվելու եմ ըստ անհրաժեշտության՝ մայրաքաղաքից դուրս աշխատանքային այցերի դեպքում, իսկ էլեկտրամոբիլը շարունակելու է ծառայել որպես հիմնական փոխադրամիջոց:
Երբ Աշոտը հայտնեց ինձ նվերի մասին, իհարկե, ցանկությունս էր, որ նա այդ մեքենայի ձեռքբերման համար նախատեսված միջոցներն ուղղեր մեր երկրում սոցիալական որեւէ ծրագրի իրականացմանը: Սակայն քանի որ մեքենան արդեն գնել էր այդ նպատակով, բարեկամաբար որոշեցինք, որ ես ընդունեմ թանկարժեք նվերը՝ փոխանցելով պետությանը, իսկ նա իր մասնակցությունն ունենա բարեգործական որեւէ այլ ծրագրի:
Նշեմ նաեւ, որ խուսափելու եմ թանկարժեք որեւէ նվեր ընդունելուց. եթե որեւէ մեկի մոտ նման ցանկություն կա, խնդրում եմ այդ միջոցներով բարեգործական ծրագիր իրականացնել, հակառակ դեպքում՝ այդպիսի նվերները փոխանցելու եմ պետական հաշվեկշիռ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը