Մայիսի 29-ին, Ավստրիայի Հանրապետության խորհրդարանի Ազգային խորհուրդը 34-րդ լիագումար նիստի ընթացքում միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին տեղեկացնում է Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը։
Վավերացմանը նախորդած քննարկումների ընթացքում Ավստրիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Կուգլերն (ԱԺԿ/ÖVP) իր ելույթում բարձր գնահատեց վերջին ժամանակներս Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները՝ նշելով, որ Հայաստանը և Ավստրիան կիսում են քրիստոնեական նույն արժեհամակարգը, և Համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա էլ ավելի զարգացնել երկկողմ բարեկամական հարաբերությունները: Ընդգծեց, որ Համաձայնագիրն ունի մեծ նշանակություն Եվրամիության և Հայաստանի միջև համագործակցության իրավական ամուր հիմք ստեղծելու գործում: Նշեց նաև, որ Համաձայնագիրը կարող է նպաստել ողջ տարածաշրջանի կայունությանը և բարգավաճմանը: Այն հնարավորություն կընձեռի բարելավել ներդրումային և գործարար միջավայրը, որից կօգտվեն հայկական և եվրոպական ձեռնարկությունները՝ այդ թվում փոքր և միջին ձեռնարկատերերը:
Համաձայնագրի վավերացմանն աջակցության ելույթով հանդես եկան նաև Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, Ավստրիայի խորհրդարանի արտաքին քաղաքական հարցերով հանձնաժողովի նախագահ Պամելա Ռենդի-Վագները (Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն/SPÖ), ինչպես նաև Ավստրիայի ազատական կուսակցության/FPÖ, Կանաչներ/Grüne, Նոր Ավստրիա/NEOS խմբակցությունների անդամները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը