«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ իշխանությունները դրսևորում են քաղաքական բացառիկ էքսՑԵՆՏՐԻԶՄ. տարերայնություն, քաոսայինություն, անկանխատեսելիություն, ռեակցիոնիզմ, հուզականություն և հոգեկան անհավասարակշռություն։
Սրանք այն բնութագրիչներն են, որոնցից պետք է զերծ մնան պետական իշխանության բարձրագույն ներկայացուցիչները և որոնք անհամատեղելի են պետության բարձրագույն իշխանության հետ։
Քաղաքական էքսՑԵՆՏՐԻԶՄԻ անվիճելի առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է, ով իր գրեթե բոլոր հրապարակային ելույթներում ցուցաբերում է պետության ղեկավարին ոչ վայել հուզականություն, ժեստիկուլյացիա, բառամթերք, իսկ գործողություններում և որոշումներում ընդգծված տարերայնություն և անկանխատեսելիություն։
Իր էքսՑԵՆՏՐԻԶՄՈՎ Փաշինյանին զիջում է Արսեն Թորոսյանը, ով բացի տարօրինակ հուզականությունից աչքի է ընկնում նաև լկտի ցինիզմով, ինչն առկա համաճարակի պայմաններում ուղղակի անթույլատրելի է։
Պետության ղեկավարի հոգեկան անհավասարակշռությունն ու չափազանց տարերայնությունը չի կարող իր ազդեցությունը չթողնել ամբողջ Կառավարության, Ազգային ժողովի, դատական և իրավական համակարգի վրա, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի պետության կառավարման որակի և արդյունավետության շեշտակի անկման։
Քաղաքական էքսՑԵՆՏՐԻԶՄԻ հակակշիռը քաղաքական ՑԵՆՏՐԻԶՄՆ է, որի հիմքում դրված են մասնագիտական պրոֆեսիոնալիզմը, կայունությունն ու կանխատեսելիությունը, վստահելիությունն ու որոշակիությունը, լրջությունն ու սոլիդությունը։
Հայաստանի հաջորդ կառավարության ձևավորման հիմքում պետք է դրվի քաղաքական ՑԵՆՏՐԻԶՄԸ, որն իր բնութագրիչ հատկանիշներով ի զորու կլինի վերացնել թույլատրելի բոլոր սահմաններն անցած հուզականությունը, ատելության ու թշնամության միջավայրը, իսկ մասնագիտական պրոֆեսիոնալիզմով բարձրացնել պետության կառավարման որակն ու պետական ինստիտուտների աշխատանքի արդյունավետությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը