24 05 2020

Անվտանգության կանոները չպահպանողները դաժան ձևով փակվելու են. Փաշինյան

Անվտանգության կանոները չպահպանողները դաժան ձևով փակվելու են. Փաշինյան

Կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճի հիմնական պատճառը արդյունաբերական ձեռնարկություններն են: Այս մասին մայիսի 24-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իրենք ամենօրյա ռեժիմով պարետատան նիստեր են անցկացնում, եւ  քիչ առաջ էլ ավարտվեց հերթական նիստը:

«Ըստ էության, մեր նոր դեպքերի 75 եւ ավելի, նույնիսկ 80 տոկոսը արձանագրվում են արդյունաբերական ձեռնարկություններում եւ սպասարկման ոլորտներում: Ինչպես գիտեք՝ մենք մայիսի 4-ից սկսեցինք կամաց-կամաց բացել եւ ահա այսպիսի իրավիճակ տեղի ունեցավ»,-ասաց նա նշելով, որ ոլորտների համար հատուկ անվտանգության կանոններ էին սահմանվել, որոնք եթե պահպանվեին, այդպիսի բռնկումներ տեղի չէին ունենա:

Փաշինյանը նշեց, որ իրենք գնացին այդ քայլին, քանի որ հասկացան, որ տնտեսական առումով այլեւս չէին կարող փակված մնալ:

«Այո, կորոնավիրուսի նոր բռնկում ունենք, որը շատ վտանգավոր իրավիճակ է, բայց մեր քաղաքականության առումով, ամենացածր գնաճ ունեցող երկրների շարքում ենք, նաեւ ազգային արժույթի տատանումների առումով ամենակայունն ենք: Մենք փորձել ենք կատարել այնպիսի ընտրություն, որը կկայունացներ իրավիճակը»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ կորոնավիրուսի բռնկման ամենամեծ դեպքերը գրանցվել են նաեւ բանկերում:

«Մենք փորձեցինք 9-րդ միջոցառման շրջանակում օգնություն ցույց տալ մարդկանց, որոնք գնում էին բանկեր օգնություն ստանալու եւ այնտեղ էլ վարակվում: Հետո էլ փորձեցինք sms- ներով ուշ կանչել մարդկանց, որպեսզի կուտակումներ չլինեն»,- ասաց նա:

Վարչապետը նաև նշեց․ «Մենք պետք է խստագույն հսկողություն սահմանենք անվտանգության կանոնների վրա հիմնարկ-ձեռնարկություններում, արդյունաբերական ձեռնարկություններում եւ սպասարկման ոլորտի ընկերություններում: Մենք կնախընտրենք մարդկանց ներկայացնել, բացատրել, իմ համար ինչպես  10 տարի առաջ, այնպես էլ հիմա բանաձեւը մեկն է` իրականության փոփոխության գործիքը անհատի փոփոխությունն է ամեն իրավիճակում, այդ թվում նաեւ կորոնավիրուսի վիճակում: Նաեւ վարչական որոշակի լծակներ կկիրառենք եւ այն  բոլորը օբյեկտները, արտադրամասերը, վարսավիրանոցները, որոնք անվտանգության կանոները չեն պահպանի, դաժան ձեւով փակվելու են, եւ ես հրահանգ եմ տվել,  որ փակելիս չբավարարել 24 ժամով, պետք լինի, 1 ամսով էլ փակել եւ այդ իրավախախտների անունները պետք է հրապարակվեն»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նաեւ ներկայացրեց մի հետազոտության արդյունքներ, որում ասվում էր, որ ճիշտ դիմակ կրելու դեպքում վաարակվածության թիվը կարելի է հասցնել 0-ի:

Նա նշեց, որ դիմակ պետք է կրեն բոլորը, այդ թվում խանութներում եւ գնորդները, եւ վաճառողները, մեքենաներում գտնվող մեկից ավելի անձինք:

Վարչապետը նշեց, որ քաղաքացիները կարող են օգտագործել նաեւ տնային պայմաններում պատրաստված կտորե դիմակներ, քանի որ շատերը բողոքում են, որ չեն կարողանում  դիմակ գնել:

«Խուճապի մատնվելու բան չկա, բայց մյուս կողմից մեր անհատական պատասխանատավությունը պետք է մեծանա եւ անհատական պատասխանատավություն խախտողները պետք է ենթարկվեն պատասխանատվության, եւ եթե խնդիրն այն է, որ մենք պետք է կիրառենք  խստագույն վարչական պատասխանատվության միջոցներ, ապա մենք կկիրառենք»,- հավելեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ