18 05 2020

Վարչապետը տապալել է «հեղափոխության նախագիծը». Ստեփան Դանիելյան

Վարչապետը տապալել է «հեղափոխության նախագիծը». Ստեփան Դանիելյան

Հայաստանի փաստացի վարչապետը տապալել է «հեղափոխության նախագիծը» եւ գնալով ավելի շատ մարդիկ են դրանում համոզվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի ունեցածն ակնառու է, սակայն նույն, կամ ավելի վատ վիճակ է համարյա թե բոլոր ոլորտներում: Նախկինում եղած կառույցները, լավ, կամ վատ, բայց այնուամենայնիվ, թեկուզ իներցիայով, որոշ գործառույթներ կատարում էին, հիմա վիճակը ավելի վատ է, սակայն մամուլը չի կարողանում լուսաբանել այդ ոլորտների իրական վիճակը: Կարճ ասած, Հայաստանում կառավարման ճգնաժամ է: Խորհրդարանում, կառավարությունում նույնպես այդ ճգնաժամն ակնառու է:

Սակայն փորձենք հասկանալ, թե այս վիճակից դուրս գալու ինչ հնարավոր սցենարներ կան: Հիմնական խնդիրը հանրային համերաշխության ժամանակավոր կառավարություն ստեղծելն է, շատ կոնկրետ անցումային ծրագրով:

Սցենար 1.

Խորհրդարանի երկու ֆրակցիաները` «Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը», եթե միասնական կերպով գործեն, ապա հնարավոր կլինի հեռացնել Փաշինյանին: Պետք է գործող վարչապետի հեռացման պահանջ դնեն, հակառակ դեպքում հայտարարեն, որ վայր կդնեն մանդատները, դրանով ստեղծելով խորհրդարանական ճգնաժամ: Ակնհայտ է, որ եթե այդ ֆրակցիաները միասնական ու հաստատակամ գործեն, այս դեպքում նրանց կմիանան նաեւ «Իմ Քայլի»-ից պատգամավորներ:

Սցենար 2

«Իմ Քայլի» ֆրակցիան տրոհվելու դեպքում Խորհրդարանում փլուզվում է մեծամասնությունը եւ առաջանում է նոր կոալիցիայի պահանջ, բնականաբար` նոր կառավարությամբ:

Սցենար 3

Սա ամենավատ սցենարն է: Ձվավորվում են արտախորհրդարանային մի քանի կենտրոններ, որոնք փողոցային պայքար են սկսում: Ատոմիզացված հասարակությունում միասնական ընդդիմություն կազմել հնարավոր չի եւ արդյունքում հիմնական քաղաքական պայքարը կարող է ընթանալ փողոցում, միմյանց հառական կենտրոնների միջեւ: Հասկանալի է, որ այս դեպքում քաղաքական պրոցեսները խորհրդարանում չեն ընթանալու, որովհետեւ գործող խորհրդարանը չի արտահայտում Հայաստանի իրական քաղաքական դասավորվածությունը: Սա քաոսի ճանապարհ է, որ դեստաբիլիզացնելու է երկիրը:

Եզրակացություն

«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը» նույնպես պատասխանատու են երկրի վիճակի համար, որովհետեւ ունենալով շատ կոնկրետ լծակներ, որոնց միջոցով կարող են իրավիճակ փոխել, դա չեն անում: Նաեւ պետք է հասկանան, որ հիմա պորտֆելներ ու վարչապետի կարգավիճակի համար պայքարելու ժամանակը չի: Ամենաօպտիմալ տարբերակը ՔՊ-ից ժամանակավոր վարչապետ ունենալն է, որը թույլ կտա անցումային շրջանը հնարավորինս մեղմ ու անցնցում իրականացնել»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ