Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը Եռատոնին նվիրված իր շնորհավորական խոսքում նշեց, որ ԱՀ նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ երդման հանդիսավոր խոսքը մայիսի 21-ին ժողովրդին կուղղի պատմական Շուշիից՝ որպես հավատի հավաստում լուսավոր գալիքի նկատմամբ: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Եռատոնի խորհուրդը մեր ժողովրդի կյանքում առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն իրենում ամփոփում է մեր համազգային հաղթանակների ու խաղաղության, մեր արժանապատիվ գոյության համար ամենաթանկ հատուցումը՝ հազարավոր անմեղ կյանքեր: Այսօր իմ գլուխն եմ խոնարհում Հայրենական մեծ պատերազմում եւ Շուշիի ազատագրման մարտում փառավոր հաղթանակ կերտած մեր ժողովրդի քաջարի զավակների թողած անուրանալի ավանդի առաջ: Հպարտ եմ, որ եղել եմ հայոց բերդաքաղաք Շուշին վերջնականապես մերը դարձրած ազատության զինվորներից մեկը, որտեղ հերոսի մահով ընկան լավագույնները. հազա՜ր փառք բոլոր նահատակներին:
Սրտագին շնորհավորանքներս մեր միասնական հայրենիքի սահմաններն անառիկ պահողին եւ տարածաշրջանում խաղաղության իրական երաշխավորին՝ Պաշտպանության բանակին ու նրա ողջ անձնակազմին՝ բանակի ստեղծման 28-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հայրենիքում եւ Սփյուռքում ապրող սիրելի՛ հայություն
Այս պարտավորեցնող պահին հայտարարում եմ, որ, ի նշանավորումն հայ ժողովրդի տարած հաղթանակների, մայիսի 21-ին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ երդման հանդիսավոր խոսքս ժողովրդիս կհղեմ պատմական Շուշիից՝ որպես հավատի հավաստում լուսավոր գալիքի նկատմամբ:
Փա ՜ ռք հայ ժողովրդին:
Կեցցե ՜ ն նրա հերոսական զավակները»,- գրել Հարությունյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը