01 05 2020

Իսկ դուք չգիտեի՞ք, որ ոչ բոլորն են հնարավորություն ունենալու հեռավար դասապրոցես կազմակերպելու. Աննա Կոստանյան

Իսկ դուք չգիտեի՞ք, որ ոչ բոլորն են հնարավորություն ունենալու հեռավար դասապրոցես կազմակերպելու. Աննա Կոստանյան

Ներողություն, որ նորից որպես քննադատություն պիտի հնչեցնեմ, բայց չանդրադառնալ չեմ կարող, քանի որ գրածիս հետեւում տասնյակ ուսուցիչների ու ծնողների մտահոգություններն են, որոնք կարծես թե մնում են արհամարհված ու անպատասխան, ու եթե նույնիսկ մեկ ուսուցիչ կամ մեկ ծնող մտահոգվեր, միեւնույնն է հարցին նույն լրջությամբ ու ողջախոհությամբ եւ պատասխանատվությամբ պետք է մոտենալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հիմա բուն թեմային։

Այս նոր` մարտի 13-ից հետո ստեղծված կորոնավիրուսային կրթական իրականության մեթոդաբանական փոփոխություններ անելը ճիշտ մոտեցում չէ։ Արդարացում չէ, որ եթե Հանրապետության աշակերտների 20, 25, 30, նույնիսկ 40 կամ 50 տոկոսը հնարավորություն չի ունեցել մասնակցելու հեռավարի դասերին, մյուս մասին պետք է զրկել նոր հեռավար ուսումնական հաջողությունների ու ձեռքբերումների թվանշային գնահատումից։

Եվ մի' ասեք, թե գնահատականի համար չպետք է սովորել, այլ գիտելիքի ու դրա պահանջի։ Այո, գիտելիքի, բայց քանի կրթական համակարգում առանցքային է գնահատումը թվանշանով, չենք կարող զերծ մնալ դրա ազդեցությունից ու հետեւանքից։ Եթե այդպես է, ուրեմն չեղարկեք ամբողջ տարվանը, չէ որ գիտելիքի համար ենք սովորում։

Ինչու՞ պետք է հանրակրթության շահառուների կեսին «զոհել» մյուս կեսի համար կամ պատճառով։ Իսկ երեխաների ապրումներն արդյոք հաշվի չե՞ն առնվում, իսկ ուսուցիչների կողմից ներդրված ջանքե՞րը` մինչեւ գիշերվա ուշ ժամին աշխատանքներ ստուգելն ու ամբողջ օրը հեռախոսներով աչք կուրացնելը, սխալները շտկելը, իսկ ծնողների առօրյա լարվածությունը տան պայմաններում կենցաղային հոգսերի մեջ ապահովել հանգիստ միջավայր, որպեսզի երեխաները չկտրվեն ուսումնական պրոցեսից։ Սա ձեր պատասխանատվությունն է, այս ամբողջ բեռը ձեր ուսերին է, երկամսյա ծավալուն աշխատանքը ջուրը մի' լցրեք։

Իսկ դուք չգիտեի՞ք, որ Հանրապետությունում ոչ բոլորն են կարողանալու կամ հնարավորություն ունենալու հեռավար դասապրոցես կազմակերպելու եւ մասնակցելու։ Եթե չգիտեիք, սա ձեր հերթական բացթողումն է, հերթական սխալ հաշվարկը, սխալ քայլը։

«Իմ երեխան» (եւ նրա պես շատերը) երկու ամսում առաջընթաց է գրանցել որոշ առարկաներից, որոնց մինչ թագավարակի իրականությունը, գուցե, այլ ընկալմամբ էր մոտենում, իսկ հիմա հասկանալով պահի լրջությունը, ունենալով պատասխանատվություն նախ ինքն իր, հետո ուսուցչի առջեւ, էլ ավելի ջանասիրաբար է մոտեցել առարկային ու դասին։

Այո, թվանշանի համար պետք չէ սովորել, վստահ եմ այսպես են մտածում հարյուրավոր ծնողներ, բայց քանի էլ ավելի խելացի համակարգ դեռ չեք ստեղծել ու ներդրվել, հանպատրաստից քայլեր անելուց զերծ մնալ է պետք։

Եվ վերջում, 2018-ից ի վեր կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխությունների գնահատման մասին կան ուսումնասիրություններ, որոնք հստակ ցույց են տալիս, թե մեր կառավարության այնքան սիրելի «կորը» որ ուղղությամբ է շարժվել։

Դրան կանդրադառնամ մոտ օրերս։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ