Politik.am-ը գրում է․ «Ռուսաստանի իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այդ երկրի իշխանությունները որոշել են պատժամիջոցներ գործադրել Հայաստանի այն դատավորների նկատմամբ, որոնք ներգրավված են քաղաքական աստառ ունեցող դատավարություններում։
Ըստ մեր աղբյուրի` ռուս իրավապահների ուշադրության կենտրոնում է լինելու պատժամիջոցների տակ հայտնված դատավորների ֆինանսական շարժը, որը կապված է Ռուսաստանի հետ։ Հնարավոր է՝ նման փոխանցումները սառեցվեն և պատժամիջոցներ կիրառվեն նաև նման դատավորիների՝ ՌԴ տարածքում գտնվող գույքի նկատմամբ։ Կարգելվի նաև նրանց մուտքը ՌԴ տարածք։
Մեր նույն աղբյուրների պնդմամբ՝ դատավորների որոշակի շրջանակ Ռուսաստանի իշխանություններին մոտ հայկական շրջանակներին հասկացրել են, որ իրենք ստիպված են որոշ գործերով քաղաքական պատվեր կատարել, քանի որ իրենց «պատին են դեմ տալիս» իրավապահ կառույցների ղեկավարները։
Ռուսաստանի իշխանությունների «սև ցուցակում» առկա են նաև իրավապահ համակարգի ղեկավարների անուններ։ Այդ ցուցակում են մասնավորապես գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեյի ղեկավար Հայկ Գրիգորյան։ Չի բացառվում, որ ցուցակում ներառված լինի ԱԱԾ պետ Էդուարդ Մարտիրոսյանը, բայց իր մասով տեղեկությունները վերջնական չեն։ Մենք արդեն տեղեկացրել էինք, որ այդ ցուցակում է նաև ԲԴԽ ղեկավար Ռուբեն Վարդազարյանը։
ՌԴ իրավապահների սև ցուցակում հայտնված գործիչների և նրանց հետ փոխկապակցված անձանց ընկերությունները կարող են լուրջ խնդիրներ ունենալ այդ երկրում։ Այս առումով խոցելի է հատկապես գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քանի որ նրա եղբայրը լուրջ բիզնես նախագծեր ունի այդ երկրում։
Նկատենք նաև, որ ՌԴ իշխանություններին մոտ կանգնած «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը հատուկ անդրադարձ էր կատարել նախագահ Քոչարյանի գործին և այն անվանել քաղաքական հետապնդում։ Սա, ըստ էության, ռուսական պաշտոնական շրջանակների գնահատականն է կատարվող գործընթացին և ինչ-որ իմաստով նաև նախազգուշացում մեր կողմից հիշատակված «սև ցուցակում» հայտնված անձանց նկատմամբ պատժամիջոցներ սկսելուց առաջ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը