Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Այս մասին հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Նիստի օրակարգում են Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի, 2019 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման, ինչպես նաև 2019 թվականի ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկայի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրի իրականացման արդյունքների վերաբերյալ հարցերը: Օրակարգում է նաև առաջիկայում կայանալիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի օրակարգի հաստատման հարցը:
Քննարկվելու է Եվրասիական տնտեսական միության գյուղատնտեսական արդյունաբերության զարգացման քարտեզի վերաբերյալ Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագիծը, ինչպես նաև հակաճգնաժամային և կայունացմանն ուղղված միջոցառումների մշակման և իրականացման գործում Եվրասիական զարգացման բանկի դերի բարձրացմանն առնչվող հարցը:
Նիստի մասնակիցները նաև քննարկելու են ԵԱՏՄ տարածքից ախտահանման միջոցների արտահանման սահմանափակումների վերացման հարցը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը