24 04 2020

ՀՀ-ն չի վարում փուլային կարգավորման վրա հիմնված բանակցություններ․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ-ն չի վարում փուլային կարգավորման վրա հիմնված բանակցություններ․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է ռուսական «Կոմերսանտ» թերթի հարցին․

Հարց. Վերջին օրերին տարբեր անդրադարձներ են կատարվել ԼՂ խաղաղ կարգավորման շուրջ, որոնցում նշվել է կարգավորման փուլային մոտեցման մասին։ Խնդրում ենք պարզաբանել՝ արդյո՞ք 2019թ. ապրիլի 15-ի հանդիպմանը քննարկվել են ինչ-որ փաստաթղթեր, որոնք ենթադրում են ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակ: Դրա վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում է արտահայտել հայկական կողմը: Ո՞րն է Հայաստանի ներկայիս դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

Պատասխան. 2019թ. ապրիլի 15-ի հանդիպման արդյունքները ձևակերպվել են ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ուրվագծում է բանակցությունների շրջանակը և չի ներառում որևէ հղում կամ նույնիսկ ակնարկ կարգավորման փուլային տարբերակի մասին: 

Հայկական կողմերի համար ընդունելի չէ կարգավորման որևէ տարբերակ, որը չի նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի առանց որևէ սահմանափակման իրականացումը և կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը։

Հայաստանի համար ընդունելի չեն դեռևս մինչև 2018թ. ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները: Ավելին,  2018թ.-ից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա:

Հայաստանն ունի հստակ տեսլական հավասարակշռված, փոխզիջումների և հավասարարժեք հանձնառությունների վրա հիմնված այն մոտեցումների վերաբերյալ, որոնք հնարավոր կդարձնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական կարգավորումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ