Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ես ինձ իրավունք չեմ կարող վերապահել վերլուծելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքերը կամ որևէ կերպ մեկնաբանելու այն: Իմ համեստ կարծիքով, Հոգևոր Առաջնորդի խոսքը պարզապես՝ լսում են: Վեհափառ Հայրապետի խոսքը չեն դիտարկում քրեադատավարական ընթացակարգերի լույսի ներքո, առավելևս, երբ քրեադատավարական իմաստով արդեն իսկ խոսվել է Եվրոպայի խորհրդի երկու բարձրագույն մարմինների կողմից՝ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի և Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից: Ի դեպ՝ հենց այդ երկու մարմինների հրապարակային դիրքորոշումները ոչ միայն պարզապես վերաբերելի են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխմանը, այլ հենց հստակ հիմնավորում են դրա անհրաժեշտությունը: Ես, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ, հպարտ եմ մեր պատմությունով և տեղին է պարզապես նշել մեր Սահմանադրության 18-րդ հոդվածը. <<Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում>>: Որպես սահմանադրագետ՝ գտնում եմ, որ այս նորմը պետք է լինի Սահմանադրության ԱՆՓՈՓՈԽԵԼԻ հոդվածների շարքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը