Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարօրինակ փոխվարչապետի «հակակոմունալ» պատասխանը
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, մամլո ասուլիսի ժամանակ անդրադառնալով բնակչությանը կոմունալ վճարներից ազատելու կոչերին, շատ զարմանահրաշ և բավականին անտրամաբանական պատասխան է տվել...
«Կարծում եմ՝ կոչերը և անելիքները, որոնք թիրախավորված չեն, արդյունավետ չեն լինի: Հարցին զուգահեռ (կոմունալ վճարներից ազատելու հարցին) պետք է նշվի` ում ազատել, ինչպես ազատել, ինչ չափով ազատել։ Հակառակ դեպքում՝ հարցն առնվազն կարող է ընկալվել որպես տարօրինակ հարց։ Մենք, այնուամենայնիվ, պետք է աշխատենք թիրախներով և թիրախային խմբերով, այլ ոչ թե նպատակի հետ կապված կոչերով։ Ավելի կարևոր է քննարկել օժանդակության կարիք ունեցող թիրախային խմբերի խնդիրը»,- ասել է փոխվարչապետը...
Այո՛, սա Փաշինյանի տարօրինակ տեղակալի պատասխանն է... Եթե պարոն Գրիգորյանը ցույց է տալիս, որ լավ չի պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը, ապա լավ կլինի նա գնա Թբիլիսի և դասընթացներ անցնի մեր հյուսիսային հարևանի մոտ ու պարզի, թե Վրաստանի իշխանություններն ինչպես են «երջանիկ պատահականությամբ» հասարակության շատ լայն շերտերի թիրախավորել և ինչ հաշվարկների արդյունքում են որոշել գարնանային 3 ամիսների համար ամբողջությամբ փոխհատուցել մինչև 200 կիլովատ լույսի (1 միլիոն 200 հազար բաժանորդ), մինչև 200 խորանարդ մետր գազի (650 հազար բաժանորդ), ջրի և աղբի վարձավճարները... Պարոն Գրիգորյանին տեղեկացնեմ, որ իմ շատ լայն շրջապատից մինչև հիմա իր մատնանաշած «6», այսպես կոչված, հակաճգնաժամային ծրագրերից որևէ մեկը չի օգտվել...
Իսկ եթե ՀՀ իշխանությունները գնային վրացիների ուղիով, ապա նույն իմ շրջապատի մարդկանց 80 տոկոսը կօգտվեին այդ ծրագրից, որն իրոք կլիներ համաժողովրդական...
Ինչ վերաբերում է պարոն Գրիգորյանի մատնանշած՝ «ավելի կարևոր է քննարկել օժանդակության կարիք ունեցող թիրախային խմբերի խնդիրը», ապա ցավով պետք է արձանագրեմ, որ եթե նախկինում բնակչության մոտ 25-30 տոկոսն էր աղքատ և աղքատության շեմին մոտ, ապա այս ճգնաժամի արդյունքում նրանց թիվն անհամեմատ արդեն աճել է, և իշխանությունները պետք է գործեն ըստ ստատուս քվոյի, այլ ոչ թե իրենց, ասենք փետրվար ամսվա ունեցած տվյալների համաձայն, որոնք արդեն առ ոչինչ են և իրականության հետ որևէ աղերս չունեն...»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը