09 04 2020

Օրակարգում նման հարց գոյություն չունի․ ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայի կողմից ՀՀ-ին աջակցելու լուրերի մասին

Օրակարգում նման հարց գոյություն չունի․ ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայի կողմից ՀՀ-ին աջակցելու լուրերի մասին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պարզաբանել է, թե փակ սահմանների և դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում ինչպես է հնարավոր եղել կազմակերպել Թուրքիայից ՀՀ քաղաքացիների Հայաստան տեղափոխելու գործընթացը։ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է նաև Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից տրված մամուլի հաղորդագրությանը, որում նշված է, որ Թուրքիան առաջարկում է աջակցություն ցուցաբերել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում:

- Հայտնի է դարձել, որ կազմակերպվել է Թուրքիայից մեր քաղաքացիների Հայաստան տեղափոխումը: Փակ սահմանների և դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում ինչպես է հնարավոր եղել կազմակերպել այդ գործընթացը:

- Տեղյակ եք, որ Հայաստանի կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ մեր քաղաքացիների վերադարձը Հայաստան ապահովելու ուղղությամբ, և առաջնահերութություն է հատկապես տրվում համավարակի լայն տարածում ստացած երկրներում դժվար կացության մեջ հայտնված մեր քաղաքացիների տեղափոխմանը: Այդ պատճառով որոշում կայացվեց տեղափոխել Թուրքիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մեր քաղաքացիներին: Նշենք, որ ՀՀ ԱԳՆ հետ կապ են հաստատել Թուրքիայում գտնվող մոտ հարյուր ՀՀ քաղաքացիներ: ԱԳՆ ջանքերով և ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած յոթ տասնյակ ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Վրաստանի տարածքով։ Նրանք Հայաստան ժամանելուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: Տեղափոխումը համաձայնեցված է թուրքական և վրացական համապատասխան ծառայությունների հետ, որոնց օժանդակությունը գնահատելի է:

- Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից տրված մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ Թուրքիան նախատեսում է աջակցություն ցուցաբերել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում:

- Մենք ծանոթ ենք Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից Թուրքիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ մամուլի հաղորդագրությանը: Որպես երրորդ կողմ, ձեռնպահ կմնայինք ոչ պաշտոնական տեղեկատվությունը մեկնաբանելուց: Բոլոր դեպքերում, օրակարգում նման հարց գոյություն չունի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ