08 04 2020

Այս փուլում որոշել եմ դատական հայցով ընդդեմ Փաշինյանի հանդես չգալ. Արսեն Բաբայան

Այս փուլում որոշել եմ դատական հայցով ընդդեմ Փաշինյանի հանդես չգալ. Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանին դատի տալու՝ նախկինում արած հայտարարության վերաբերյալ։ Նա նշում է, որ փաստաբանական թիմի հետ քննարկումների արդյունքում, ինչպես նաեւ Փաշինյանի կողմից այլ անձանց զրպարտելու առթիվ դատական գործերն ուսումնասիրելուց հետո հանգել է այն համոզմանը, որ Փաշինյանը մշտապես հրաժարվում է իր արտահայտություններից ու խոսքերից, ամենատարբեր մանեւրման հնարքներով խույս է տալիս պատասխանատվությունից։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Հարգելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, Նիկոլ Փաշինյանը բազմիցս հրապարակայնորեն խախտել է անմեղության կանխավարկածն ու իմ նկատմամբ իրականացրել է զրպարտչական գործողություններ։ Փաշինյանի կողմից իմ դեմ իրականացված զրպարտչական գործողություններից առավել աչքի են ընկել կապանյան ասուլիսում, բեռլինյան հարցուպատասխանում, Հ1-ի հարցազրույցում եւ Մեղրիի հանրահավաքում իմ հասցեին արված մի շարք արտահայտություններ։

Փաստաբանական թիմիս հետ քննարկումների արդյունքում, ինչպես նաեւ Փաշինյանի կողմից այլ անձանց զրպարտելու առթիվ դատական գործերն ուսումնասիրելուց հետո հանգեցի այն համոզմանը, որ Փաշինյանը մշտապես հրաժարվում է իր արտահայտություններից ու խոսքերից, ամենատարբեր մանեւրման հնարքներով խույս է տալիս պատասխանատվությունից։ Օրինակ՝ հանրահայտ գործով Փաշինյանը պարզապես հրաժարվեց իր հնչեցրած մտքերի հասցեատիրոջից եւ հայտնեց, թե իբր ինքն ամենեւին էլ նկատի չի ունեցել հայցվորին։

Որպես սկզբունքային, պատասխանատու եւ կշռադատված մարդ՝ երկարամյա պետական ծառայության ընթացքում երբեւէ թույլ չեմ տվել այնպիսի արարք, որից հետո պետք է հրաժարվեի, որպեսզի խույս տայի պատասխանատվությունից։ Այդպիսի գործելաոճն ինձ համար մշտապես եղել է մերժելի, ու այդօրինակ գործելաոճով առաջնորդվողները երբեւէ չեն վայելել հարգանքս։
Այն, որ Նիկոլ Փաշինյանն ինձ զրպարտել է, ակնհայտ փաստ է, դուրս է որեւէ կասկածանքից։ Այն, որ Նիկոլ Փաշինյանն էլ դա գիտի՝ առավել ակնհայտ է հենց այն պարզ պատճառով, որ պատասխանատվությունից խուսափելու համար վերջինս իր հակաօրինական (զրպարտչական) գործողությունը որակեց քաղաքական՝ կարծելով, թե քաղաքական որակված հայտարարությունները կարող են լինել անպատասխանատու։

Բայց, նկատի ունենալով, որ զրպարտությամբ խախտված իրավունքների վերականգնումը դասվում է բարի անվանը եւ համբավին առնչվող իրավունքների պաշտպանությանը, որն արտահայտվում է բարոյական վնասների փոխհատուցմամբ, ինձ համար այս հարցում առավել կարեւոր է հարցի հենց բարոյականության բաղադրիչը։ Ո՞րն է ավելի բարոյական. հրապարակային անել հայտարարություններ, որոնցից հետո պետք է հրաժարվե՞լ, թե՞ պարզապես չանել այդպիսի հայտարարություններ։ Պարոն Փաշինյանն ընտրել է առաջին տարբերակը, ինչին բազմիցս ենք ականատես եղել։

Ակնհայտ է, որ պարոն Փաշինյանը դատարանում պատասխան տալիս պարզապես հրաժարվելու է իր գործողություններից, այդպիսով փորձելու է խուսափել դրանց համար նախատեսված պատասխանատվությունից։ Հայտնելու է, թե ինքն աներկբա պնդում է, որ հակաօրինական գործողություններ կատարելիս ինձ նկատի չի ունեցել, այլ պարզապես օդում կախված լուրերն է ներկայացրել հանրությանը։

Այսպիսով, նկատի ունենալով վերոնկարագրվածը, որոշել եմ այս փուլում դատական հայցով ընդդեմ Փաշինյանի հանդես չգալ, քանի որ ինձ համար շատ ավելի կարեւոր ու արժեքավոր է նախ մարդու անձնական պատասխանատվությունը եւ հետո միայն դրա դատական ամրագրումը։

Ժամանակն ու փորձը ցույց է տվել, որ «պատասխանողի» մոտ առաջինը բացակայում է, իսկ այդ դեպքում երկրորդը համարում եմ անօգուտ, քանի որ դատարան դիմելը որեւէ դեպքում չի ավելացնելու «պատասխանողի» անձնական պատասխանատվությունը։

Սակայն, այնուամենայնիվ, համոզված եմ, որ մեծ պատասխանատվությունը վաղ թե ուշ վրա է հասնելու»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ