ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է մարտի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը լարելու Ադրբեջանի փորձերը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Հրադադարի ժամանակ հրահրված այս խախտումը որևէ արդարացում չունի, հատկապես այն պարագայում, երբ աշխարհի բոլոր երկրները, այդ թվում նաև տարածաշրջանի բժշկական ռեսուրսներն ուղղված են կորոնավիրուսի դեմ պայքարին»,- նշեց Նաղդալյանը։
Նա հիշեցրել է, որ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է այդպիսի չարդարացված գործողություններն այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը և տարածաշրջանն իրենց ջանքերն ուղղել են կորոնավիրուսի դեմ պայքարին:
Պատասխանելով հարցին` արդյոք ԵԱՀԿ-ն և ՀԱՊԿ-ը տեղեկացվել են կատարվածի մասին, ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակն ասաց, որ այսպիսի դեպքերում գործողությունների հստակ գործիքակազմ գոյություն ունի:
Հիշեցնենք, որ հրադադարի ռեժիմի խախտման և դիվերսիայի փորձի արդյունքում վիրավորվել են Ոսկեվան հայկական գյուղի դեռահաս մի բնակիչը և երկու զինծառայող:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը