30 03 2020

Ինչո՞վ է օգնում պատգամավորին «Անառակի զավակներ» օպերացիայի հերոսը․ Yerkir.am

Ինչո՞վ է օգնում պատգամավորին «Անառակի զավակներ» օպերացիայի հերոսը․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ «Yerkir.am-ն անդրադարձել էր Հրաչյա Հարությունյան անվամբ օգտատիրոջ՝ կառավարության թերացումների մասին բարձրաձայնողների հասցեին արված հայհոյախառն գրառմանը  և  հանրության բուռն արձագանքին։ Հրաչյա Հարությունյանն աշխատում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում (ենթադրելի է՝ խոսքը անդամության մասին է), ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովում աշխատում է որպես պատգամավորի օգնական:

Վերջինիս անունը նաև 2019 թ.ավարտին պարգևատրվածների ցանկում էր։  

Պարզելով, որ «հայհոյանքների դարբին» Հրաչյա Հարությունյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Քրիստինե Պողոսյանի օգնականն է, Yerkir.am-ն այսօր ԱԺ-ում փորձեց այդ առիթով մեկնաբանություն ստանալ պատգամավորից։ Վերջինս սկզբից պատճառաբանեց, թե քվեարկության է, իսկ քվեարկության ավարտին էլ՝ «Ձեզ հարցազրույց չեմ տա, քանի որ գիտեմ, թե ինչ հարցեր եք տալու» և արագ հեռացավ։

Պարզորոշ է՝ պատգամավորը ոչ միայն չցանկացավ դատապարտել իր օգնականի  այլանդակ բառապաշարը, այլև փորձեց դիմել «աղբը ձյունով ծածկելու» ծիծաղելի մեթոդին և խուսափեց մեր թղթակցի հարցերից։

Ասյպիսով՝ քանի դեռ ԱԺ իշխանական խմբակցության կողմից հրապարակավ չի դատապարտվել սեփական խմբակցության պատգամավորի օգնականի՝ իշխանական պաշտոնյաների կողմից սիրված «ձյաձի» (ստորև և կից նյութերում տե՛ս իշխանական պաշտոնյաների ջերմ արձագանքները «ձյաձի» մասին), անպատասխանատու և անբարո հայտարարությունը, և այդ ամենը մեկնաբանելու քաջություն չի դրսևորում նաև ինքը՝ Քրիստինե Պոսղոսյանը, ավելին, Հրաչյա Հարությունյան անվամբ արարածը հանրային բյուջեով կրկին շարունակում է իր «աշխատանքը» Ազգային ժողովում, ապա կարելի է ենթադրել, որ ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցությունն ավելի քան համակարծիք է Հրաչյա Հարությունյանի գրառման բովանդակության հետ, այսինքն՝ «Իմ քայլը» կարծում է, որ «իշխանություններին քննադատողներն անառակի զավակներ են»։

Հին ժողովրդական խոսք կա՝ «Այդ պատին այդ ծեփն է սազական»։ Ըստ այդմ՝  իշխանությունների շրջանակներում այն նույն փողոցային բարքերն են, ինչ հայհոյանք, անառակություն, անբարոյականություն քարոզող և սերունդների միտքն ու հոգին ապականող՝ իշխանությունների սիրելի ոմն «ձյաձի» դիմատետրում, գլխում և մտքում։  

Այսքանից հետո՝ համոզված ենք, որ, վայելելով «Իմ քայլը» խմբակցության, այդ թվում՝ Քրիստինե Պողոսյանի, ջերմությունն ու երախտագիտությունը, «հայհոյանքների դարբինը» շուտով կրկին ակտիվացնելու է իր էջը և կրկին գործի է դնելու իր այլանդակ բառապաշարը, ավելին՝ պետական բյուջեից մի ճոխ պարգևատրվելու է՝ հանրության մի ստվար հատվածի «անառակի զավակ» կոչելու «հերոսական» քայլի համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ