14 10 2022

Իշխանությունն անգամ պատգամավորների օգնականների դեպքում է սևերի ու սպիտակների բաժանում․ «Ժողովուրդ»

Իշխանությունն անգամ պատգամավորների օգնականների դեպքում է սևերի ու սպիտակների բաժանում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս պարգևավճար են ստացել ոչ միայն խորհրդարանի մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, այլ նաև նրանց օգնականները, գործավարներն ու փորձագետները: Մեր տեղեկություններով՝ ո՛չ ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները, ո՛չ էլ նրանց օգնականները պարգևավճարներ չեն ստացել:

Ընդդիմադիր խմբակցությունների գործավարներն ու փորձագետները նույնպես պարգևավճարի չեն արժանացել: Ինչո՞վ է պայմանավորված նման վերաբերմունքը, և ի՞նչ սկզբունքով է առաջնորդվել ԱԺ նախագահութունը:

Հարցն ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանին ուղղեցինք: «Քանի որ պատգամավորները չեն գալիս աշխատանքի, իրենց օգնականները հայեցողական պաշտոնի մարդիկ են: Նրանք, ենթարկվելով պատգամավորներին, աշխատանքի չեն գալիս: Հաշվի առնելով պատգամավորների ու նրանց օգնականների բացակաները՝ որոշվել է, որ պարգևավճար են ստանալու միայն նրանք, որ պատշաճ կերպով աշխատանքի են եկել»,- ի պատասխան մեր հարցին՝ ասաց Խաչատրյանը: Ի՞նչ է ստացվում. օրվա իշխանությունն անգամ պատգամավորների՝ առանց այն էլ ոչ բարձր աշխատավարձ ստացող օգնականների դեպքում է «իմ ու քո անում», մարդկանց սևերի ու սպիտակների բաժանում:

Հավելենք, որ կան ՔՊ-ական շատ պատգամավորների օգնականներ, որոնք ամիսներով աշխատանքի չեն հաճախում, նրանց դռները կողպված են, բայց քանի որ իշխանական պատգամավորի օգնական են, նաև պարգևատրվում են՝ աշխատանքի չգալու համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ