Ankakh.com-ը գրում է․ «Արցախում տեղի ունենալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Անկախ-ին իր տեսակետն է հայտնել ԱԺՄ նախագահ, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը։
-Պարոն Մանուկյան, մարտի 31-ին Արցախում տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրությունները, որոնք շատ կարևոր են ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության համար։ Ի՞նչ կարծիք և ի՞նչ ակնկալիքներ ունեք ընտրությունների ընթացքի, ցանկալի կամ սպասվող արդյունքների վերաբերյալ։
- Իհարկե շատ կարևոր է Արցախի Ազգային ժողովի կազմը, բայց այս ընտրությունների կարևորագույն արդյունքն այն է, թե ով կդառնա Արցախի Հանրապետության նախագահ։ Ձեր հարցը ես կվերաձևակերպեմ հետևյալ կերպ․«Եթե ես լինեի Արցախի քաղաքացի, ո՞ւմ կտայի ձայնս և ինչո՞ւ»։
Նախ ասեմ, որ թեկնածունների մի մասին անձամբ ճանաչում եմ և խորին հարգանքով եմ վերաբերվում, բայց որպես ընտրող՝ կառաջնորդվեի հետևյալ սկզբունքներով․
1․ Արցախի կարևորագույն հարցն անվտանգությունն է, և Արցախի նախագահը պետք է ունենա որոշակի փորձառություն անվտանգության հարցում, ռազմական գործում և վայելի ժողովրդի վստահությունն այս հարցերում։
2․ Պետք է լինի ազնիվ իր անցած ճանապարհով։ Ունենալով ղեկավարման փորձ՝ համատեղած չլինի պետական պաշտոնը բիզնեսի հետ։
3․ Պետք է լինի անկախ, չգտնվի օտար երկրների տարբեր կառույցների ազդեցության տակ։
4․ Պետք է կարողանա, ձևավորելով արդյունավետ կառավարություն, իր շուրջ համախմբել հասարակության տարբեր շերտերի, քաղաքական տարբեր ուժերի, օգտվել մասնագետների խորհուրդներից տարբեր ասպարեզներում՝ չբաժանելով հասարակությանը յուրայիների և ոչ յուրայինների։
Ես հատուկ չեմ նշում, որ ընտրված նախագահը պետք է սերտորեն համագործակցի Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ, որովհետև ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի ցանկացած իշխանության դեպքում երկու երկրների ղեկավարները, անկախ իրենց քաղաքական համակրանքներից կամ ցանկություններից, պարտադրված կլինեն համագործակցել։ Սա շատ պարզ քաղաքական իրողություն է։
Այս պայմանների մի մասը բավարարող թեկնածուներ, իհարկե, կան, բայց իմ կարծիքով՝ միայն Վիտալի Բալասանյանն է ամբողջովին բավարարում իմ նշած բոլոր սկզբունքներին։ Եվ եթե ես լինեի Արցախի քաղաքացի, առանց վարանելու ձայնս կտայի նրան։
Իսկ թե իրականում ի՞նչ սկզբունքներով կառաջնորդվի Արցախի ընտրողը, և արդյունքում ո՞վ կընտրվի Արցախի Հանրապետության նախագահ, դա Արցախի ժողովրդի իրավունքն է, և ես, ինչպես նաև Հայաստանի ամբողջ ժողովուրդը, հարգանքով կընդունենք արցախցիների ընտրությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը