23 03 2020

Սև-Սպիտակ. Ին-Յան. Ստեփան Դանիելյանի հոդվածը

Սև-Սպիտակ. Ին-Յան. Ստեփան Դանիելյանի հոդվածը

Politeconomy.org-ում քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հոդվածը ստորև

«Հոդվածի 1-ին մասն՝ այստեղ։

«Սև-սպիտակ» մտածողությունը ցանկացած հեղափոխության հիմքն է: Չկա «սև-սպիտակ», չկա պայքար, չկա էքսպրեսիա ու խանդավառություն։ Միայն նման բաժանումներն են մարդկանց ստիպում բարձրանալ բարիկադներ ու գնալ զոհողությունների:

Հեղափոխության այլընտրանքը էվոլյուցիան է՝ կատարելագործումը, որը ոչ թե պայքար է ենթադրում, այլ ռացիոնալ լուծումներ։ Սակայն մինչ անցնելը էվոլյուցիոն ռացիոնալիզմին, կենտրոնանանք մեր պատմության ընթացքում «սև-սպիտակի» ավերիչ ազդեցություններին։

Երբ նման մտածողությունը հեղափոխական հնարքից, որը կարելի էր ընդունել որպես քաղաքական տեխնոլոգիա նպատակին՝ իշխանությանը հասնել համար, վերածվում է ապրելակերպի՝ քաղաքական աշխարհայացքի, ապա զարգացման հեռանկարի մասին խոսելն ավելորդ է։ 2018-ից հետո «սև-սպիտակ»-ը, «հեղափոխական-հակահեղափոխական»-ը, «հներ-նորեր»-ը, «Հին Հայաստան-Նոր Հայաստան»-ը քաղաքական հնարքից վերածվում են իշխանությունը պահելու աշխարհայացքի: Երբ նման բաժանումը վերածվում է մնայուն աշխարհայացքի, ապա զարգացման մասին մտածելն արդեն ավելորդ է: Նման աշխարհայացքը նոր երևույթ չէ հայ իրականության մեջ: Նման բաժանումները բնորոշ են եղել հայերին, ու ծանրագույն հետևանքներ են ունեցել:

Տարանջատման աշհարհայացքը

Աշխարհիկացման դարաշրջանը պայմանականորեն կարելի է հաշվել 18-րդ դարից սկսած, երբ կրոնները սկսեցին հեռանալ քաղաքականությունից ու դադարեցին լինել իշխանության լեգիտիմության հիմքը: Մինչ այդ քաղաքական տեսությունները, աշխարհայացքները կրոնական հենքի վրա էին ձևակերպվում։ Հայերի համար այդ դարաշրջանը սկսվեց 19-րդ դարից, սակայն, մինչ այդ, Չարի և Բարու պայքարը մեր աշխարհայացքի կենտրոնում էր։

Երբ Հռոմի և Բյուզանդիայի քաղաքական հակամարտությունը սկսեց գաղափարական հենքի վրա կառուցվել, դրա հետևանքով հայերը ստիպված բաժանվեցին քաղքեդոնականների ու հակաքաղքեդոնականների՝ ըստ արտաքին քաղաքական կողմնորոշման: Այդ բաժանման հետևանքով քաղքեդոնական հայերի մի զգալի հատվածը դարձավ հույն ու վրացի, որովհետև այդ բաժանման հետևանքով ձևավորված ատելությունը ներազգային սահմաններում չէր կարողանում սահմանափակվել: Մենք նաև մերժեցինք Բյուզանդիայի մեր ահռելի հոգևոր ու մշակութային ժառանգությունը։

Հաջորդ մեծ բաժանումն արդեն աշխարհայացքային «սև-սպիտակի» վրա էր կառուցվում: Հանուն Բարու (հոգևոր աշխարհի), ընդդեմ Չարի (նյութական աշխարհի) պայքարողներն իրենց համարում էին Պողոս Առաքյալի հետևորդներ՝ պավլիկյաններ (բառացի՝ պողոսներ)։ Պավլիկյանները չդիմանալով քաղքեդոնականների ու հակաքաղքեդոնականների միաժամանակյա հալածանքներին, ընդունեցին իսլամ ու հեռացան ազգային ինքնությունից։ Հետաքրքիր է, որ նրանց մի զգալի մասն ընդունեց ալավիզմը, որը պավլիկյանների գնոստիկական աշխարհայացքի հետ համահունչ էր և որտեղ Պողոս Առաքյալի դերն որոշակիորեն Ալին է կատարում, որին ալավիտների շատ համայնքներ անգամ աստվածացնում են։ Նույնը տեղի ունեցավ պավլիկյանների ազդեցությունը կրած Բալկանների քրիստոնյաների հետ, որոնք չդիմանալով ուղղափառների, իսկ հետագայում հատկապես կաթոլիկների դաժանագույն հալածանքներին, ընդունեցին իսլամ (Բոսնիայի մուսուլմանները)։ Հայերի հետագա պատմության մեջ նմանատիպ բաժանումները նույնպես շարունակվել են, սակայն դրանց ներկայացումն այս հոդվածի խնդիրը չէ։

Այսօրվա Հայաստանի «սև-սպիտակի» բաժանումը, որից չհրաժարվեցին այսօրվա «հեղափոխականները», քանի որ քաղաքական լեգիտիմության այլ հենք չեն կարողանում գտնել, արդեն գաղափարախոսական երանգներ է սկսում ստանալ, որը «հեղափոխականների»` ժամանակակից պավլիկյանների համար ծուղակ է դառնում։ «Սևերն» արդեն ազգայնական գաղափարախոսություն են ձևավորում, որին «սպիտակների» չձևակերպված լիբերալիզմը չի կարողանալու դիմադրել։ Իշխանության համար մղվող պարզ պայքարն արդեն գաղափարախոսական երանգներ է ստանում։ Սակայն դա թողնենք ապագային և փորձենք հասկանալ, թե ո՞րը կարող էր լինել էվոլյուցիոն զարգացման ճանապարհը, որը «սպիտակների» համար արդեն բաց թողնված հնարավորություն է։

Ին-Յան․ էվոլյուցիոն ճանապարհ

Արևմտյան մշակույթն իր մեջ մեծ լարում ունի, որի հիմքը քրիստոնեությունն է, այսինքն աշխարհն ունի սկիզբ ու գնում է իր վերջին՝ Ահեղ դատաստանին։ Դա դինամիկ, պայքարի մեջ գտնվող աշխարհընկալում է։ Ի հակառակ դրան, արևելյան՝ բուդիստական ու հինդուիստական աշխարհընկալման մեջ չկա սկիզբ ու չկա վերջ, այլ կա Սանսարան՝ ճակատագրի անիվը, որն անվերջ պտտվում է, իսկ մարդու նպատակն անձնական կատարելագործումն է։ Դա արտահայտվում է չինական Ին-Յանի փիլիսոփայության մեջ։ Այդտեղ Սևն ու Սպիտակը հակամարտող կողմեր չեն, նրանք մեկ միանություն են, իսկ Բարին հարմոնիայի՝ ներդաշնակության մեջ է։ Էվոլյուցիայի` Զարգացման հիմքը ներդաշնակության որոնումն է:

Այսօր Արևմտյան լիբերալիզմի հիմքում Բարու և Չարի պայքարն է: Արևմուտքին այսօր արդեն հակադրում են Չինաստանով, որը մի այլ աշխարհ է: Դա կոմունիզմի ու կապիտալիզմի, ազատության ու տոտալիտարիզմի պայքար չէ, դա տարբեր աշխարհընկալումների պայքար է: Մեզ շատ տարօրինակ, դեռևս դժվար կանխագուշակելի զարգացումներ են սպասում: Գուցե նաև շատ բան ունենանք սովորելու, որպեսզի դուրս գանք «սև-սպիտակի» մտածողությունից»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ