ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ դիմել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ հարկադիր կատարման ծառայության կողմից կալանքի տակ դրված մինչև 500,000 դրամ միջոցները 2 ամսով կալանքից հանելու առաջարկով։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
«Առաջարկել եմ 2 ամիս ժամանակով կալանքից հանել հարկադիր կատարման ծառայության կողմից կալանքի տակ դրված մինչև 500,000 ՀՀ դրամ միջոցները։
Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հետևյալ խնդրի կապակցությամբ.
Մեզ են դիմում քաղաքացիներ՝ տեղեկացնելով, որ չեն կարողանում հոգալ իրենց առաջնային կարիքները, այդ թվում՝ կոմունալ և այլ վճարումները։ Համաճարակն ու արտակարգ դրության սահմանափակումներն անդրադարձել են բնակչության լայն շերտերի ֆինանսական դրության վրա, և ակնհայտ է, որ մինչև արտակարգ դրության ավարտը նրանց վիճակը դեռ ավելի է բարդանալու։
Որպես լուծման տարբերակ՝ առաջարկել եմ 2 ամիս ժամանակով կալանքից հանել հարկադիր կատարման ծառայության կողմից կալանքի տակ դրված մինչև 500,000 ՀՀ դրամ միջոցները։ Այդ միջոցներով արտակարգ դրության և համաճարակի հետևանքով ֆինանսական վատթար դրության մեջ հայտնված քաղաքացիները կկարողանան վճարել կոմունալ ծառայությունների դիմաց ու կատարել այլ առաջնային ծախսեր։
Նախարարի պատասխանն ստանալուն պես՝ տեղեկությունը կատարածենք սոց. ցանցով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը