27 02 2020

Վլադիմիր Կարապետյանը՝ ռեստորանների ու իր նորաբաց կայքերի մասին

Վլադիմիր Կարապետյանը՝ ռեստորանների ու իր նորաբաց կայքերի մասին

ՀՀ վարչապետի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հերքում է, որ պաշտոնանկությունից հետո մտել է սպասարկման ոլորտ, ռեստորան է աշխատեցնում։

Նա նույն համառությամբ հերքում է նաև NewArmenia.am և 365news.am կայքերի հետ իր առնչությունն առհասարակ։ Նրան հարցրինք, թե այդ դեպքում ինչո՞ւ է դուստրն այս նորաբաց քաղաքական կայքերի ամբողջ կուրացիան իրականացնում (կադրային քաղաքականություն, թեմաներ) և որտեղի՞ց նրան այդքան մեծ չափերի գումար։

Հիշեցնենք, Yerevan.Today-ը, հղում անելով իր աղբյուրերին, գրել էր, որ Վալդիմիր Կարապետյանն ակտիվորեն ներգրավվել է բիզնես ոլորտ՝ մի կողմից Սարյանի վրա գտնվող ռեստորանն է աշխատեցնում մինչև կեսօր և զբաղված է «նոր Հայաստանի» ակտիվ քարոզչությամբ՝ սեփական նորաբաց երկու քաղաքական կայքերով։  

- Չկա տենց բան ես, ես բիզնեսներ չունեմ և խոսելու բան էլ չունեմ էդ թեմայով։

- Կնշանակի՝ հերքում եք, որ Երևանի Սարյան փողոցի վրա ռեստորան ունեք և նույնատիպ մեկն էլ բացել եք Վրաստանում։

- Որևէ ռեստորանի, այդ թվում՝ «Ոսկեվազի» մասին տեղեկություները չեն համապատասխանում իրականությանը։ «Ոսկեվազի» տնօրենը հայտնի է՝ ով է, ովքեր են սեփականատերերը, իրեն դիմեք, և ամեն ինչ պարզ կդառնա։

- Եթե ակնարկում եք Հովհաննես Ազոյանի մասին, ասում են, որ իր հետ համատեղությամբ եք հիմնել ու գործարկում ռեստորանը։

- Դե մի հատ ճշտեք իրենից և կհամոզվեք որ չի համապատասխանում իրականությանը, որևէ գաղտնիք չի կարող լինել էս դարում։

- Ձեզ հետ են կապում «Ոսկեվազը», և մեր նույն աղբյուրը պնդւոմ է, որ դրա երրորդ հարկն էլ վարձել եք Ձեր նորաբաց՝ NewArmenia.am կայքի գրասենյակի համար։

-Ես որևէ առնչություն չունեմ Ձեր նշած տարածքների, այդ թվում՝ «Ոսկեվազի» հետ։

Ես ի՞նչ ասեմ․․․ (երկար լռում է. Yerevan.Today), Ես որևէ առնչություն չունեմ այդ տարածքների հետ։

- Ինչպե՞ս եք պնդում, որ առնչություն չունեք, երբ Ձեր դուստրը՝ Տաթևիկն է հենց այդ հասցեում գործող Ձեր բիզնեսը համակարգում։ Մենք տեղեկություն ունենք, որ հենց Տաթևիկն է համակարգում Ձեր երկու նորաբաց կայքերի աշխատանքը, որոնցից մեկը Սարյանի ռեստորանի վերևի հարկում է տեղակայված, մյուսը՝ մամուլի շենքում։

- Այ իր հետ էլ խոսեք, իրենից էլ մեկնաբանությունը ուզեք, ես տեղեկացված չեմ։

- Ուզում եք ասել՝ մենք ավելի տեղեկացված ենք Ձեր դստեր գործունեութունից քան Դո՞ւք։ Այդ դեպքում որտե՞ղ է նա աշխատում հիմա, եթե այդ կայքերը չի համակարգում, Ձեր պնդմամբ։

- Անձնական հարցեր եք տալիս։

- Ի՞նչ նպատակով եք Դուք կամ Տաթևիկը միանգամից երկու քաղաքական կայք բացել, ո՞ւմ միջոցներով և համաձայնությամբ։

- Ես այդ բիզնեսներին առնչվում եմ այնքանով, որքանով, օրինակ, Դուք կարող էիք առնչվել դրանց։

- ԻՆչո՞ւ եք խուսափում ցույց տալ, որ նոր գործունեութուն եք ծավալում, ի՞նչ վախեր ունեք։

- Խուսափելու հարց չկա, Ես ուրախ կլինեի որ այդպես լիներ։

- Այդ դեպքում որտեղի՞ց Ձեր 22-23 ամյա դստերն այդքան մեծ գումար, որ կարողանա երկու քաղաքական կայք հիմնադրել և այդքան բարձր աշխատավարձով լրագրողական մեծ խմբեր պահել։ Ի վերջո, ի՞նչ մոտիվացիա կա երիտասարդ աղջկան թանկարժեք գրասենյակներ վարձելու, քաղաքական լրատվությամբ զբաղվելու համար, մանավանդ որ Տաթևիկը բանկային համակարգում է աշխատել։ Ձեր երիտասարդ աղջկիկն իսկապե՞ս այդպիսի մեծ հնարավորությունների տեր է։

- Ինձ հարցեր եք տալիս, որոնց ես չեմ կարողանում պատասխանել։ Խնդրում եմ դստերս հետ խոսեք, կոչ եմ անում՝ խոսեք Տաթևիկի հետ։

- Ճի՞շտ է, որ անձամբ եք զբաղվում ֆինանսական հարցերով և դիմել եք Սամվել Ալեքսանայնին, որպեսզի 2 մլն անոց փաթեթով համագործակցի Ձեր կայքերի հետ, ինչի տասը տոկոսին է ինքը համաձայնել գործարք անել։

- Ես այնքա՜ն ուրախ եմ, որ դուք այդքան խորությամբ տիրապետում եք այս կամ ուրիշ կայքերի ներքին խոհանոցին։ Շատ լավ, դուք բավականին ուշադիր հետևում եք, և ես ձեզ հաջողություն եմ մաղթում այդ կայքերի և մյուս կայքերի ուսումնասիրության գործում։ Իսկ Սամվել Ալեքսանյանի մասով ասեմ՝ չի համապատասխանում իրականությանը։

 Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ