Վարչապետ Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պաշտոնանկությունից հետո ակտիվ ներգրավվել է բիզնես ոլորտ․ մի կողմից Սարյան փողոցի վրա գտնվող «Ոսկեվազ» գինետունն է աշխատեցնում Հովհաննես Ազոյանի հետ, իսկ զուգահեռաբար երկրորդ լրատվամիջոցն է բացել՝ 365news.am-ը: Ի դեպ, ասում են, որ նույնատիպ մի ռեստորան էլ Վլադիմիր Կարապետյանը հարևան Վրաստանում է բացել՝ Թբիլիսիում և պարբերաբար է լինում այնտեղ։
Արդարադատության նախարարության ռեգսիտրի տվյալներում առկա չէ Newarmenia և 365news.am ապրանքանիշով գրանցում, փոխարենը հայտնաբերեցինք «Նոր լրատվական» ՍՊԸ-ի տվյալները, որի կնիքով, պարզվում է, Վլադիմիր Կարապետյանի նորաբաց երկու կայքերի գործարքներն են արվում:
Ոմն Սուսաննա Հակոբյանի անվամբ բացված «Նոր լրատվական» ՍՊԸ-ն գրանցվել է 2018 սեպտեմբերի 13-ին, իսկ հետո NewArmenia և 365news.am դոմեյններն են գրանցվել՝ համապատասխանաբար 2019 թվականի հուլիսի 15 –ին և հոկտեմբերի 22-ին, այսինքն՝ Կառավարությունում Վլադիմիր Կարապետյանի պաշտոնավարման շրջանում: Իսկ թե ում էր պետք լրացուցիչ երկու լրատվականների ռեսուրսը, ում փողերով էր այս ներդրումներն արվում, թերևս կարելի է կռահել:
Սակայն ուշագրավ է, որ այս երկու կայքերն էլ Վլադիմիր Կարապետյանի անսպասելի պաշտոնակությունից հետո շարունակում են աշխատել՝ նույն եռանդով: Մինչդեռ տրամաբանությունը հուշում էր, որ դրանց գոյության իմաստն այդ օրվանից, թերևս, ավելորդ պետք է դառնար՝ թե պատվիրատուի և թե դրանք գործարկողի համար։ Իրականությունը հակառակն է ապացուցում:
Վերջին մեկ ամսում Վլադիմիր Կարապետյանը սկսել է բավականին տպավորիչ ներդրումներ ու ծախսեր անել նորաբաց երկու ԶԼՄ-ներում: Կայքերի խմբագրակազմի համալրում, ըստ որում՝ պրոֆեսիոնալ ու բարձր վարձատրվող կադրերով, նորագույն տեխնիկայով կահավորում, հեռուստատեսային տաղավարներ, տեսախցիկներ և այլն: Իսկ եթե հաշվի առնենք, որ Վլադիմիր Կարապետյանի կողմից բացված առաջին լրատվամիջոցի՝ NewArmenia.am –ի խմբագրության գրասենյակը, ահռելի մակերեսով, տեղակայված է Երևանի ամենաթանկ վարձակալվող փողոցներից մեկի՝ Սարյանի վրա, ըստ որում՝ հենց «Ոսկեվազ»-ի վերևի հարկում, պատկերն ավելի խորհրդավոր է դառնում:
Ի դեպ, Վլադիմիր Կարապետյանի ընդլայնված հնարավորությունները նկատվել է նաև լրագրողական համայնքում․ աշխատուժի փնտրտուքի ժամանակ նրա կողմից առաջարկվում էր ճոխ աշխատավարձ։ Այս ամբողջ տեղեկատվությունը վերլուծելով՝ կարելի է գալ եզրահանգման, որ ՀԱԿ-ը, իշխանափոփոխության հոտառությամբ, պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի վաղաժամ հեռանալուն։ Հետևաբար՝ քաղաքական նոր շնչառություն է բացել և հանրային կարծիքի ձևավորման ակտիվություն է դրսևորում, իսկ մյուս՝ թերևս ավելի համոզիչ վարկածն այն է, որ մեր հերոսը Նիկոլ Փաշինյանի հետ շարունակում է ստվերային աշխատել նաև կառավարությունից հեռանալուց հետո։ Ուստի չի բացառվում, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ այդմ՝ Վլադիմիրի համար ծառայեցվում են վարչական ռեսուրսներ, ենթադրաբար լվացվում են պետական փողեր, ինչպես դա արվում է ֆեյքերի ֆաբրիկան պահելու համար։
Չմոռանանք, Վլադիմիր Կարապետյանն անթաքույց տառապում էր իր անզորությունից, որ չի կարողանում պրոպագանդայի դաշտում «կրել» «ՊՈԱԿ-ի Հովոյին», ասում են՝ պարբերաբար բողոքել է, թե իրեն տրված չեն լծակներ, որպեսզի կարողանա լիարժեք ծառայել «շեֆին», նեղսրտել է, թե ողջ ռեսուրսները կենտրոնացված են երիտասարդի ձեռքում ու իսկ «անփորձը» պրպտում է անպտուղ։ Ի դեպ, Վովա Կարապետյանն «իր մարդը» չի ունեցել համակարգում, երկու երիտասարդի է հազիվ խցկել կառավարության աշխատակազմ, իսկ նախարարներից միակ հասանելին նրա համար առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է եղել, ում կարողացել է ուղիղ զանգել։ Սակայն այս նախարարի դեմ Գևորգ Թամամյանի կողմից նրա իրականցված արշավի ժամանակ վարչապետի նախկին խոսնակն անզոր է գտնվել օգնել։
Այսօր, փաստորեն, այս բացերը լրացնելու ռեսուրսը կա, և Վլադիմիր Կարապետյանը վերջապես կկարողանա հաղթահարել «ՊՈԱԿ-ի Հովոյի» հետ մրցակցելու բարդույթները, «զակազչիկին , ասում են, խոստացել է կայքերով 1 միլիոն դիտումը գերազանցել, որպեսզի «նոր Հայստանի» քարոզն ավելի էֆեկտիվ անի:
Նշենք, որ, Yerevan․Today-ին հասած տվյալներով, երկու կայքերի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Վլադիմիր Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկը: Երիտասարդ աղջիկը, ով մինչև վերջերս «Ամերիաբանկում» էր աշխատում, բանկային համակարգից դուրս մնալուց հետո, շուրջ 4-5 ամիս, աշխատում է հոր բիզնեսում: Ասում են՝ «Սկզբում շատ էր ջանում, որ բացառի կայքերի հետ պաշտոնյա հոր կապը, կառավարությունից ստացած հոր զանգերը խնամքով թացքնում էր, որպեսզի չհասկացվի՝ ում հանձնարարականներն է փոխանցվում լրագրողներին և ով է ինտենսիվորեն նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Միքայել Մինասյանի դեմ նյութերի պատվիրատուն»,- ասում է նրանցից մեկը։
Yerevan․Todayը փորձեց այս տեղեկատվության վերաբերյալ Վլադիմիր Կարապետյանից հաստատող կամ հերքող մեկնաբանությունը ստանալ, սակայն նրա հեռախոսն անջատված է մի քանի օր է, որևէ կապով նրա հետ խոսել չհաջողվեց։
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը