20 02 2020

Շակալի պես հասնում ենք այն մարդկանց վրա, որոնց շնորհիվ էլ այսօր կանք. Արա Վարդանյան

Շակալի պես հասնում ենք այն մարդկանց վրա, որոնց շնորհիվ էլ այսօր կանք. Արա Վարդանյան

«Համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը գրում է․

Փետրվարի 25-ը Հայաստանի պատմության մեջ մտնելու է որպես նախադեպը չունեցող օր՝ նույն օրը տարբեր դատարաններում են լինելու նորանկախ Հայաստանի 4 Նախագահներից երկուսը, երկուսն էլ շինծու գործերով։ Երկու Նախագահ, որոնք կերտել են մեր հաղթանակի ուղին, երկու Նախագահ, որոնք տարիներ շարունակ ծնկի են բերել ադրբեջանի նախագահներին: Երկու Նախագահ, որոնք չեն զբաղվել ինքնագովքով և չեն վախեցել ընդունել ոչ պոպուլյար որոշումներ։

Փետրվարի 25-ը մեր Հանրապետության խայտառակության օրն է, հերոսությունը ստորացնելու օր է, դասալիքների ցնծության օրն է, բայց ամենակարևորը՝ մեր բոլորիս, որպես Հայ Ազգ, սթափվելու օրն է։ Սթափվելու և հասկանալու, որ մենք մեր ձեռքով փորում ենք մեր իսկ փոսը։ «Ժողովուրդն է ուզում» կարգախոսով մենք վերածվել ենք շակալների ոհմակի, որը չունի որևէ սրբություն։ Շակալի պես հասնում ենք այն մարդկանց վրա, որոնց շնորհիվ էլ այսօր կանք, որոնց շնորհիվ էլ տարբեր տեղերում պարծենում ենք մեր դարերի մեջ առաջին հաղթանակով։ Ժողովուրդ անվան տակ մենք ազատազրկում ենք մեզ ազատություն պարգևողներին։ Լավ ի՞նչ ասես, ի՞նչ անես, որ մարդիկ սթափվեն, մի պահ մի կողմ դնեն իրենց մեջ թմրանյութի պես ներարկած ատելությունը և կողքից նայեն այս ամենին։ Նախագահները անսխալակա՞ն են, իհարկե ոչ, քանզի առաջին հերթին մարդ են, ինչպես մեզանից յուրաքանչյուրը։ Բայց ինձ համար մարդը գնահատվում է իր անցած ուղիով և նվաճումներով։ Դե մի պահ մի կողմ դրեք ամեն բան և մտածեք ինչ ուղի են անցել այս երկու առաջնորդները։ Ու՞ր են իրենք եղել ամենադժվարին պահերին։ Քանի՞ անգամ եք տեսել իրենց փախչելուց: Քանի՞ անգամ եք հպարտացել իրենց ելույթներով, երբ իրենք ծնկի էին բերում ադրբեջանի նախագահներին։ Դե, հիշեք, մի վախեցեք։ Հիշեք ցուրտ ու մութ 90-ականները և համեմատեք այսօրվա իրականության հետ։ Ի վերջո հասկացեք, որ այս երկու անձինք պատմություն են կերտել բոլորիս համար։ Իրենք միևնույն է մտնելու են պատմության մեջ որպես հերոս Նախագահներ։ Իսկ որպես ի՞նչ ենք մենք մտնելու այդ նույն պատմության մեջ... Հերոսներին դատողնե՞ր, հերոսներին դավաճանածնե՞ր, պատմությանը ուրացողնե՞ր... Հասկացեք ի վերջո, որ այս երկու մարդկանց վարկաբեկելով մենք իրականում վարկաբեկում ենք հաղթաբակների ժամանակաշրջանը և ինչը ամենացավալին է, մենք ոչնչացնում ենք մեր ուժեղ, խելացի և կենսունակ ազգ լինելու համբավը ամենուրեք։ Միթե՞ սա ենք ուզում։

Այս ամսա 25-ին նաև Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է։ Տեսնես նշելու՞ ենք։ Ո՞նց ենք բաժակ բարձրացնելու մի հերոսի համար, երբ նույն պահին դատում ենք երկու այլ հերոսների։

Հայ ազգը ցավոք սրտի իր համար գրեթե բոլոր բախտորոշ ժամանակաշրջաններում սխալ որոշումներ է ընդունել՝ ծովից-ծով Հայաստանից դառնալով քարտեզի վրա դժվար գտնվող մի փոքր երկրի։ Այսօր կրկին հայ ազգը գտնվում է իր համար բախտորոշ ժամանակահատվածում, քանզի ինչպես և նախկինում այդպես էլ այսօր դրսի ուժերը փորձում են մեզ ջլատեն ներսից՝ հային հայի ձեռքով ոչնչացնել։ ադրբեջանա-թուրքական սցենարը շատ մոտ է հաջողության։ Մի պահ կանգ առեք, նայեք ձեր շուրջը և հասկացեք, թե ինչքան մեծ է հայը հայի հանդեպ ատելությունը։ Իրար ատելով ու՞ր եք ուզում հասնել, ու՞ր։

Դե հիմա դուք մտածեք, Զորավար Անդրանիկի ծնունդը նշե՞նք, թե՞ Հայ ազգի խայտառակության օրը...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ