19 02 2020

ԱՄՆ կոնգրեսականների գրասենյակի աշխատակիցները կգործուղվեն Արցախ. «Ամերիկայի Ձայնը»

ԱՄՆ կոնգրեսականների գրասենյակի աշխատակիցները կգործուղվեն Արցախ. «Ամերիկայի Ձայնը»

Միացյալ Նահանգների մի շարք կոնգրեսականներ հայտարարել են, որ ղարաբաղյան կողմի հրավերով իրենց աշխատակիցները կմեկնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մարտի 31-ի ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:

«Մենք անշուշտ ցանկանում ենք արդար ընտրություններ տեսնել Արցախում մարտի 31-ին, ուստի ձեզ տեղյակ եմ պահում, որ որոշել եմ նաև իմ աշխատակցին ուղարկել ընտրությունների ընթացքին հետևելու»,-նշեց կոնգրեսականը։

Պաշտոնական Բաքուն, որը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում, այնտեղ անցնող բոլոր ընտրությունները «օկուպացված տարածքներում քաղաքական շոու» է անվանում:

Ճանաչի Ադրբեջանը Ղարաբաղի անկախությունը թե ոչ՝ կյանքն այնտեղ շարունակելու է զարգանալ, համոզված է հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Կանչելյան Սփիրը. «Շատ կարեւոր է, որ այնտեղի ժողովրդավարությունը շարունակական լինի»:

Կոնգրեսի աշխատակիցների թվում ընտրությունների ընթացքի մոնիտորինգ իրականացնելու համար Ղարաբաղ է պատրաստվում մեկնել կոնգրեսական Ֆրանք Փալոնի ավագ խորհրդական Ջեյմս Ջոնսոնը.

«Ուսումնասիրել և տեսել եմ, որ Արցախի նախորդ ընտրությունները եղել են ազատ, արդար և թափանցիկ բոլոր չափանիշներով: Հույս ունենք, այժմ դրանք նույնպես ազատ կլինեն»:

Ջոնսոնի ղեկավար, կոնգրեսական Ֆրանք Փալոնն իր կողմից ավելացնում է. շատ կարևոր է ողջ աշխարհին ցույց տալ, որ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարություն է հաստատված. «Մենք ցանկանում ենք մատնանշել, որ Արցախում գործող ժողովրդավարություն է, որը համապատասխանում է ազատ հասարակության բոլոր չափանիշներին»:

Չնայած մի շարք կոնգրեսականների որոշմանը, Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը նախկինում չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի տարածքում անցած ընտրությունները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ