Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր facebook-յան էջում կրկին ուրախալի լուրով էր կիսվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Պարզվում է` Հայաստանը 5-րդ տեղն է զբաղեցրել 46 երկրներում իրականացված «լավատեսության» հարցումների արդյունքում... Հարցում կազմակերպողն էլ “GALLUP International association”-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն է, որի տվյալների համաձայն՝ հարցվածների լավատեսության ինդեքսը կազմել է 55 տոկոս...Պարոն վարչապետը, ինչպես տեսնում ենք, հրճվանքի մեջ է հայտնվում նույնիսկ այս ընկերության հարցումների տվյալներից ու այն հրապարակում է իր էջում, այն դեպքում,երբ նույն այդ ընկերության 2017 թ-ի ԱԺ ընտրություններից առաջ կատարված սոցհարցումներին վերաբերվում էր հոռետեսությամբ և իր թերթի էջերում դրանք անվանում էր պատվիրված։
Պարզվեց, իշխանության գալուց հետո պարոն Փաշինյանը ոչ միայն փոխել է իր վերաբերմունքն ընտրակեղծարար Մուկուչյանի, մարդասպանությունը թաքցնող Արթուր Դավթյանի, վատահամբավ ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանի և այլ ՀՀԿ-ականների նկատմամբ, որոնք վխտում են իր իշխանության տարբեր էշելոններում, այլև մանիպուլյատիվ և կեղծ տվյալներ հրապարակող սոցիոլոգիական ընկերության տվյալների նկատմամբ...Իսկ հիմա ներկայացնեմ ՄԱԿ-ի կողմից 2019 թ-ի մարտին հրապարակված «Երջանիկ երկրների» ցանկում Հայաստանի զբաղեցրած տեղը, որը կազմվել է տարբեր բաղադրիչների գումարման արդյունքում։
Այսպես, 156 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 116-րդ տեղը՝ անհարմարավետ տեղավորվելով Բուրկինա Ֆասոյի և Իրանի մեջտեղում... Իսկ աշխարհի «Երջանիկ երկրների» առաջին հնգյակը հետևյալն է՝ Ֆինլանդիա, Դանիա, Նորվեգիա, Իսլանդիա և Նիդերլանդներ...Ի դեպ, «Երջանիկ երկրների» ցանկում Հայաստանը 116-րդ տեղում է հայտնվել պարոն Փաշինյանի և նրա դիլետանտ թիմի իշխանության գալուց հետո, որի մասին, ինչպես տեսնում ենք, պարոն Փաշինյանը գրառում չի արել իր էջում, քանի որ տվյալները շատ «անդուխ» են, բայց մեծ հաճույքով հիմա կիսվում է լավատեսության մասին հարցումների «դուխով» տվյալներով, որտեղ մենք զբաղեցրել ենք 5-րդ տեղը։
Այդ հարցումից պարզեցի, որ Հայաստանից բարեկեցիկ ապրող Հոնկոնգը, Իտալիան և Հորդանանը հոռետեսության առաջին հորիզոնականներն են զբաղեցնում... Համոզված եմ, հայաստանցիների 90 տոկոսը կերազեր հասնել իտալացիների կամ հոնկոնգցիների կենսամակարդակի կեսին։
Հ.Գ. Հայաստանում այս վերջին երկու տարում երջանկացել են պարոն Փաշինյանը և նրա շրջապատը...Այստեղ էին ասել՝ «Դուք հլը լավատես եղեք, իսկ մենք մեր գործերն առաջ տանենք...Կարող է մի օր էլ ձեր հերթը հասնի»․․․»,գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը