Եթե այն, ինչ տեղի ունեցավ երեկ ՀՀ Ազգային ժողովում, տեղի ունենար մեր արևելյան կամ արևմտյան հարևան պետություններից մեկում, կարելի էր լիաթոք ծիծաղել և լուծված համարել մեր արտաքին անվտանգության խնդիրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Քաղաքական տրագիկոմեդիան և իրավական աբսուրդի թատրոնը»:
Նա, մասնավորապես, նշել է.
«88 «ժողովրդի սրտի» երեսփոխաններ, դեմքի լուրջ արտահայտությամբ և միտինգային պաթոսով հիմնավորում էին Սահմանադրության ավարտված և ուժը կորցրած հոդվածում փոփոխություն կատարելու «ժողովրդի» մանկական երազանքի իրականացման աննախադեպ անհրաժեշտության մասին, իսկ պետության ղեկավարը քրեական ենթամաշկույթ էր սփռում։
Էմոցիաներից զերծ և սթափ ուղեղով խնդիրը դիտարկելու պարագայում կոգնիտիվ դիսոնանսն անխուսափելի է, քանի որ բանականությունն անզոր է ընդունել այդ ֆարսը, երեսպաշտությունն ու կեղծիքը։
Կուլմինացիան, իհարկե, գոյություն չունեցող նորմը փոխելու հարցով համապետական հանրաքվե անցկացնելու որոշումն էր, որի արդյունքում առնվազն 2 ամիս մեր քաղաքական և հասարակական ամբողջ դաշտը գտնվելու է ծայրահեղ լարվածության մեջ՝ ատելության և թշնամանքի աննախադեպ տարափի ու արդեն զզվել դարձած ձայնային ելևեջների ճնշման ներքո։
Սակայն այստեղ կա մի շատ ավելի կարևոր հարց. ի՞նչ է տեղի ունենալու Հայաստանի կյանքում այս երկու ամսվա ընթացքում, որ հասարակությունը, զբաղված լինելով կեղծ օրակարգով, չպետք է նկատի, և այս հանրաքվեի աղմուկը ի՞նչ ավելի լուրջ և կարևոր աղմուկ պետք է խլացնի։
Զգոն եղեք, Հայաստանի համար Արցախից ավելի կարևոր հարց չկա, չի եղել և չի լինելու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը