«Հրապարակ»-ը գրել է. Ենթադրյալ ապօրինի որդեգրումների գործով «Երևանի մանկան տան» տնօրեն Լիանա Կարապետյանին մեղադրող որևէ ապացույց չկա և ներկայացված չի եղել դատարան։
Իսկ այն, ինչ ներկայացվել է, որևէ կերպ չի հիմնավորում Կարապետյանի կողմից որևէ հանցանքի կատարումը։ Եթե անգամ նախաքննության մարմինը դրանք համարում է արժանահավատ․ ասում է Կարապետյանի փաստաբան Ալեքսան Խաչատրյանը։
Լիանա Կարապետյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ ՔՕ 167 հոդ․ 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով` երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը) և 314-րդ հոդ․ 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը)։ Մենք լսեցինք փաստաբանի տեսակետն այս խորհրդավոր գործի վերաբերյալ։
- Մանկատունն ի՞նչ դեր է կատարում որդեգրման շղթայում։
- Մանկատունն առհասարակ որդեգրման գործընթացում, այդ թվում՝ օտարերկրյա որդեգրումների, գործառույթներ չունի։ Ծնողական խնամքից զրկված երեխաների հաշվառումը, ըստ կառավարության սահմանած կարգի, իրականացնում են Երևանի քաղաքապետարանը՝ Երևանում, մարզերում՝ մարզպետարանները, այնուհետև նրանք կենտրոնացված հաշվառման են վերցվում սոցապնախարարության կողմից։ Օտարերկրացիների որդեգրման դեպքում շատ գործառույթներ ունի նաև արդարադատության նախարարությունը: Օտարերկրյա որդեգրումների դեպքում, այս մարմինների համապատասխան եզրակացությունների առկայությամբ, ընդունվում է կառավարության որոշում, որից հետո անձը դիմում է դատարան, և դատական ակտով է սահմանվում որդեգրումը։ Առանց ծնողական խնամքի մնացած երեխան տեղափոխվում է մանկատուն, և ամենամեծ ցանկության դեպքում անգամ մանկատունը կամ նրա որևէ պաշտոնատար անձ չի կարող կատարել երեխային ծնողից բաժանելուն ուղղված գործողություններ։ Լիանա Կարապետյանը որևէ հանցանք չի կատարել, և ցավում եմ, որ նախաքննության գաղտնիությունը թույլ չի տալիս, որ մենք խոսենք գործի փաստերից։ Իմ խորին համոզմամբ, նախաքննության ավարտը նույնքան շոկային է լինելու, որքան նախաքննության սկիզբն էր։
- Ամեն դեպքում հասկանալի չէ, թե ինչպես են առանց մայրերի համաձայնության կարողացել փաստաթղթեր ձեռք բերել։
- Բացառվում է մի այնպիսի իրավիճակ, որ երեխան առանց ծնողի համաձայնության հանձնվի որդեգրման։ Որևէ դատարան նման բան չի կարող անել։ Նույնիսկ դատարան չի կարող հասնել այդ գործը։ Եթե չկա ծնողի համաձայնությունը, այն սկիզբ չի կարող ունենալ։ Ավելին ասեմ՝ եթե նման համաձայնությունն առկա է, ու երկար տարիներ հետո ծնողը հիշում է, որ երեխա ունի, միևնույն է, սա ընդունելի չէ որևէ առումով ու չի կարող հիմնավոր համարվել քրեական հետապնդում իրականացնելու համար։
- Ճի՞շտ եմ հասկանում, որ առողջ երեխաների համար ստեղծվել են հիվանդության փաստաթղթեր։ Դա՞ է պաշտոնական կեղծիքը։
- Ոչ, մեղադրանքի մեջ նման բան չկա։ Իսկ եթե պարզվի, որ կա, ապա «Մանկան տունը» դրա հետ կապ չունի։
- Շրջանառվում է, որ մայրերը, որոնք այսօր բողոքում են, գումար են ստացել Իտալիայի քաղաքացիներից, որոնք երեխաներ են որդեգրել։ Փող են ստացել նաև տարբեր օղակներ՝ հիվանդանոցից, նախարարություններից մինչև մանկատուն։
- Վստահաբար կարող եմ ասել, որ Լիանա Կարապետյանը նման հարցերի հետ երբևիցե առնչություն չի ունեցել, տեղյակ էլ չի եղել, և զուտ այդ գործի հանգամանքներից ելնելով, նման բան չի էլ կարող եղած լինել։ Եթե նույնիսկ տեսականորեն պատկերացնենք, որ ծնողը որդեգրողից գումար է ստացել, դա ծնողի խնդիրն է, մանկատունը կամ այլ անձ ի՞նչ կապ ունի։ Ամեն դեպքում, Լիանա Կարապետյանին մեղադրանք է առաջադրված երեխային ծնողից բաժանելու համար, և գումարների հետ կապված մեղադրանքում ոչ մի խոսք չկա և չի էլ կարող լինել։
- Ի՞նչ ապացույցներ են բերվում՝ ծնողների վկայություննե՞րը։
- Ցավում եմ, չեմ կարող նախաքննության տվյալներ հրապարակել, չնայած շատ կուզեի խոսել։
- Գոնե մոտավորապես Ձեզ ներկայացվե՞լ են ապացույցներ, գիտե՞ք, թե ինչ ապացույցներ են դրված Լիանա Կարապետյանի դեմ։
- Ներկայացվում է մի բան, որով իբրև թե հիմնավորվում է կասկածը, բայց այդ ապացույցը, նախ, բավարար չէ, ու եթե անգամ այն արժանահավատ համարվի, միևնույն է, դրանով չի հիմնավորվում, որ Լիանա Կարապետյանը որևէ հանցանք է կատարել։
- Մի՞ ապացույց է, թե՞ մի քանի։
- Եկեք չմանրամասնենք։ Ասեմ միայն, որ այս գործով մենք ունենք բացարձակ անօրինական ու հակասական իրավիճակ։
- Լիանա Կարապետյանին կալանավորեցին, իսկ Ռազմիկ Աբրահամյանը, որը բժշկական փաստաթղթերի հետ ուղղակի առնչություն է ունեցել, ազատության մեջ է։ Ինչո՞վ են հիմնավորվել այս որոշումները։
- Վերաքննիչը դատախազության բողոքը բավարարեց, և Լիանա Կարապետյանը կալանավորվեց, այսինքն համարեց, որ առկա է հիմնավոր կասկած, որ խմբի կազմում, Ռ․ Աբրահամյանի հետ, կատարել է ինչ-որ հանցանք, և առկա համարեց կալանավորման հիմքը ու դեռ ավելին՝ համարեց, որ գրավն անթույլատրելի է։ Ասեմ, որ Արմեն Դանիելյանը ՀՀ ամենացածր վարկանիշ ունեցող դատավորն է։ Բայց նույն գործով մեղադրյալ Ռ․ Աբրահամյանին առաջին ատյանի դատարանը նախ մերժեց դատախազության միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, այնուհետև վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազության բողոքը՝ էլի հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, այսինքն՝ համարեց, որ հիմնավոր կասկած առկա չէ։ Ընդ որում, նշեմ, որ, իմ կարծիքով, միանշանակ արդարացիորեն ու օբյեկտիվորեն դատարանը դա արեց։
- Այդ դեպքում Լ․ Կարապետյանին ի՞նչ հիմքով կալանավորեցին։
- Դժվար հարց է, որովհետև դատարանն իր որոշման մեջ, ըստ էության, հիմնավորում չի տվել։ Ընդամենը գրել է, որ գրավն անթույլատրելի է սույն գործով։ Բայց ըստ 2 դատական ակտերի, ստացվում է՝ Լիանա Կարապետյանը խմբի կազմում Ռազմիկ Աբրահամյանի հետ հանցանք է կատարել, բայց Աբրահամյանի գործով հիմնավոր կասկածը բացակայում է։ Այսինքն, Լիանա Կարապետյանը հանցանք է կատարել մի մարդու հետ, ում վերաբերյալ հիմնավոր կասկած չկա։ Շեշտում եմ, որ, իմ համոզմամբ, Աբրահամյանի մասով վերաքննիչ դատարանն օբյեկտիվ որոշում է կայացրել։ Նրա բախտը բերեց, որ իր կալանքի հարցը քննեցին պրոֆեսիոնալ դատավորներ․ առաջին ատյանում՝ Դավիթ Բալայանը, վերաքննիչում՝ Անդրանիկ Մնացականյանը։ Քանի դեռ կան Արմեն Դանիելյանի նման դատավորներ, անընդհատ ապօրինի դատական ակտեր ենք ունենալու։
- Պարոն Խաչատրյան, նախաքննության մարմինը հայտարարեց, որ 37 որդեգրված երեխաները Հայաստան չեն վերադարձվել։ Դուք տեղյա՞կ եք, այդ երեխաները ո՞ղջ են, որտե՞ղ են։
- Ինչ-որ երեխաների թվաքանակի մասին է խոսվում, բայց ըստ քրեական գործի, ըստ մեղադրանքի, նման քանակություն առկա չէ։ Քրեական գործով Լիանա Կարապետյանին առաջադրված է մեղադրանք կոնկրետ մի երեխայի հետ կապված։ Թե ինչ 37 երեխայի մասին է խոսքը, տեղյակ չեմ։
- Իսկ այդ մի երեխային որդեգրող ծնողին հարցեր տալու, նրա հետ կապվելու փորձ եղե՞լ է։
- Ես տեղյակ չեմ։ Նախաքննության մարմինը մեզ ընդամենը տրամադրում է տվյալ փուլում օրենքով մեզ հասանելի փաստաթղթերը։
- Իսկ կենսաբանական մոր ու Ձեր պաշտպանյալի միջև առերեսում եղե՞լ է։
- Եկեք նախաքննության տվյալների մասին չխոսենք։
- Լիանա Կարապետյանին առաջարկե՞լ են քննության հետ «համագործակցել», որի դիմաց նրան ազատ կարձակեն։
- Ըստ ինձ հասած տեղեկությունների, այո, եղել է, բայց նա այն մարդը չէ, որ իր ազատության դիմաց ինչ-որ մեկի դեմ սուտ ցուցմունքներ տա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը