Քաղաքական գործունեություն չի կարող իրականացվել առանց քաղաքական մտքի, իսկ դրա համար անհրաժեշտ է մտքի արտադրության գործընթաց՝ մտածողություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Մտածողության մասին գիտությունը ստեղծել է Արիստոտելը, ով դա բաժանել է երեք հատվածի՝ հասկացություններ, դատողություններ եւ եզրակացություններ:
Կանտը առաջ է գնացել եւ մտածողությունը բաժանել է երկու հատվածի՝ անալիտիկ եւ սինթետիկ մտածողություն:
Սակայն 1990-ական թվականներից մտածողության տեսության մեջ նոր հասկացողություն է մտել՝ կլիպային մտածողություն:
Կլիպային մտածողությունը հատկապես սկսել է տարածվել ինտերնետի դարում:
Ինչու այսքան հեռվիս սկսեցի: Այսօրվա Հայաստանի քաղաքական միտքը հասկանալու համար, պետք է ըմբռնել կլիպային մտածողության էությունը:
Օրինակ, պետք է միախառնել Իրանի եւ տարածաշրջանի ճգնաժամը, Արցախի հարցը, բլինչիկի եւ զուգարանների խնդիրները եւ դրա վրա կառուցել կառավարության ներքին ու արտաքին քաղաքականությունների ուղերձները, ինչը եւ կատարվում է: Ու, ամենաէականն, այն է, որ այդ հատվածական կլիպները հանրությունն ավելի լավ է մարսում, քան եթե այդ չորս կարեւոր խնդիրները վերլուծվեր ու հանրությանը ներկայացվեր ավանդական՝ անալիտիկ ու սինթետիկ մտածողության եղանակով:
Հ1-ն այսօրվա կառավարության մտածողության լավագույն հայելին է՝ բացարձակ գորշ, անհետաքրքիր, անմիտ հաղորդումներ, կամ հաղորդումների բացակայություն:
Այսպիսի հեղափոխություն չի լինում, անգամ հակահեղափոխությունն այդքան գորշ չի լինում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը