03 01 2020

Բաղդադում Թրամփի հրամանով իրանցի գեներալ է սպանվել

Բաղդադում Թրամփի հրամանով իրանցի գեներալ է սպանվել

ԱՄՆ Պենտագոնը հաստատել է, որ ուրբաթ հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջանում, ինչի հետևանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։ Այս մասին հայտնում է РБК-ն։

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչության ակտ» է անվանել «Ալ Կուդս» ջոկատների հրամանատար, գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանությունը։

Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին ասել է․ «Նրանց, ովքեր սպանել են «Ալ Կուդս» ջոկատների հրամանատար, գեներալ Կասեմ Սուլեյմանիին, սպասվում է «դաժան վրեժ»։ 

Աշխարհի ամենադաժան մարդիկ սպանել են պատվարժան հրամանատարին, որը քաջաբար տարիներ շարունակ պայքարում էր չարիքի ու աշխարհի ավազակների դեմ։ Նրա վախճանը չի դադարեցնի նրա առաքելությունը, բայց հանցագործները, որոնց ձեռքերի վրա է Սուլեյմանիի եւ մյուս նահատակների արյունը, պետք է սպասեն դաժան վրեժի»,- ասվում է Խամենեիի հայտարարությունում։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ևս հայտնել է, որ Իրանը կլուծի Սուլեյմանիի սպանության վրեժը։ Նա նշել է, որ գեներալ Սոլեյմանիի սպանությունը հանցավոր եւ ագրեսիվ ԱՄՆ-ի կողմից կոտրել է իրանական ազգի եւ տարածաշրջանի մյուս երկրների սիրտը։ Նախագահն ավելացրել է, որ սպանությունն ամրապնդել է Իրանի եւ ազատության ձգտող մյուս երկրների վճռականությունը՝ դիմակայել ԱՄՆ չափից ավելի մեծ պահանջներին եւ պաշտպանել իսլամական արժեքները։

«Անշուշտ, նման վախկոտ քայլերը ԱՄՆ-ից հուսահատվելու եւ տարածաշրջանում նրա անզորության եւս մեկ վկայությունն են, եւ տարածաշրջանային պետությունները թշնամանքով են լցվում այդ ագրեսիվ ռեժիմի դեմ։ ԱՄՆ-ն խախտել է հումանիտար եւ միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներն ու նորմերը ամենաանմարդկային եւ դաժան ձեւով,- ասել է նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ