«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելուց հետո, գլխավոր դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ Արդարադատության նախարար եղած շրջանում, Հրայր Թովմասյանը հարկադրել է նոտարական պալատի նախագահին իր որոշած պայմաններով ու վարձավճարի չափով նոտարական պալատի համար վարձակալել փաստացի իրեն պատկանող անշարժ գույքը:
Քիչ առաջ «Հրապարակ»-ի հետ կապ էր հաստատել Ռուսաստանում բնակվող հայազգի գործարար Ռուբիկ Ղազարյանը և վրդովված պատմում էր, որ դատախազության կողմից Հրայր Թովմասյանին վերագրվող տարածքը իրականում իրեն է պատկանում՝ դեռևս 2009թ.-ից:
«Ինձ տեղեկացրեցին, որ դատախազությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, թե օրենքով ինձ պատկանող տարածքը, որը վարձակալությամբ է հանձնված եղել, իբր, պատկանում է Հրայր Թովմասյանին: Ես պաշտոնապես հերքում եմ դա: Չկա նման բան և չի եղել: Դատախազությունը սուտ տեղեկություն է տարածում: Այդ վարձակալությամբ հանձնված տարածքի սեփականատերը ես եմ և այն ձեռք եմ բերել 2009թ-ին ՌԴ-ում իմ աշխատած փողով, բոլոր օրինական թղթերը իմ ձեռքի տակ են: Ես քանի որ Հայաստանում չեմ ապրում, այդ տարածքը տարբեր ժամանակներ վարձակալությամբ եմ հանձնել տարբեր մարդկանց»:
Գործարարը տեղեկացրեց, որ մոտ օրերս ինքը գալու է Հայաստան և պատասխան է պահանջելու իրավապահներից իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքը այլ աձի վերագրելու համար:
«Հատուկ այս դեպքի պատճառով ես հունվարի 15-ին գալու եմ Հայաստան և գնալու եմ ՀՔԾ ու դատախազություն՝ պարզաբանումներ պահանջելու: Ես պետք է հասկանամ ինչո՞ւ են տասը տարուց ավելի ինձ պատկանող անշարժ գույքը այլ մարդու վերագրում: Սա ի՞նչ անփութություն է, գոնե կարող էին կապվել ինձ հետ և հարցնել երբ եմ ձեռք բերել այդ տարածքը և ումից: Նորից եմ կրկնում դա սեփականության իրավունքով ինձ պատկանող տարածքն է, որը երբևէ չի պատկանել Հրայր Թովմասյանի կամ մեկ ուրիշի»,- ասաց Ղազարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը