Դեկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովին եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին:
Ողջունելով հյուրերին` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բարձր գնահատեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների տարբեր մակարդակներում առկա ակտիվ երկխոսությունը եւ դերակատարների պատրաստակամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու տարբեր հարթակներում առկա համագործակցության առավել ընդլայնման եւ հարստացման ուղղությամբ: Այս համատեքստում փոխադարձաբար կարեւորվեց միջխորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք օգտագործման նշանակությունը՝ որպես երկկողմ օրակարգի բաղադրիչ:
Զրուցակիցներն ընդգծեցին միջազգային խորհրդարանական հարթակներում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ փոխաջակցության եւ փոխվստահության ձեւավորված ավանդույթը եւ վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու այդ սերտ համագործակցությունը:
ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահի խնդրանքով ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ վերջին զարգացումները: Երկուստեք ընդգծվեց, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ հանգուցալուծման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի հակամարտության բոլոր կողմերի ժողովուրդների համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը