Top-news.am-ը գրում է․ «Երեկ դատարանի դահլիճում հնչեց տեսակետ, հայտարարություն, թե ազատության մեջ գտնվելով Ռոբերտ Քոչարյանը վտանգ կներկայացնի: Այս հայտարարության հեղինակը հայ է, Հայաստանի քաղաքացի: Ավելին, հայտարարությունն էլ արվել է Հայաստանում:
Տրամաբանական եւ հասկանալի կլիներ, եթե նման հայտարարությունն աներ ադրբեջանցին, այն էլ Ադրբեջանում, բայց հիմա Հայաստանում անհասկանալի եւ անհեթեթ ժամանակներ են: Արցախի ազատագրման գործում հսկայական ավանդ ունեցող մարդը, Արցախի առաջին նախագահը, Հայաստանի երկրորդ նախագահը զրկված է ազատությունից:
Իսկ ո՞ւմ համար կարող է վտանգ ներկայացնել ազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանը: Այս հարցին պատասխանելը բարդ չէ: Տրամաբանությունը հուշում է, որ Ռոբերտ Քոչարյանի ազատությամբ շահագրգռված չեն նրանք, ովքեր նեղսրտած են, որ Արցախն ազատագրվել է, որ ստեղծվել է անվտանգության գոտի:
Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ գտնվելուն դեմ են նրանք, ովքեր դժգոհ են, որ նրա նախագահության տարիներին Հայաստանը երկնիշ տնտեսական աճ ուներ, իսկ միգրացիան էլ արդեն դրական հաշվեկշիռ ուներ:
Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ գտնվելուն դեմ է, օրինակ, իրեն փաստաբան համարող Սեդա Սաֆարյանը, որը դատարանի դահլիճում զբաղված է անկարգություններ հրահրելով: Այս կինն անգամ չկարողացավ լսել Ռոբերտ Քոչարյանի խոսքը, սկսեց ընդհատել նրան, կազմակերպեց, որ տուժածները եւս աղմկեն:
Ի դեպ, այս դատական գործով մարտի մեկի հարազատների ներկայությունը անբարոյականության գագաթնակետն է: Բազմաթիվ անգամ ասվել ու շեշտվել է, թե այն գործը, որը հարուցված է Ռոբերտ Քոչարյանի դեմ որեւէ կապ չունի զոհերի հետ եւ նպատակ չունի հայտնաբերել սպանության հեղինակներին, այսուհանդերձ, այս հիմար բեմադրության կազմակերպիչը որոշել է, որ նրանք ամեն դատական նիստին պետք է ներկա գտնվեն եւ Սեդա Սաֆարյանի նման դեմքերով էլ նրանց կազմակերպում եւ ուղղորդում են:
Բնականաբար, Սեդա Սաֆարյանը, նրա հրահանգիչները եւս բոլորովին շահագրգռված չեն, որ Ռոբերտ Քոչարյանը լինի ազատության մեջ: Նրանց զարգացող, մեջքն ուղղող Հայաստան հարկավոր չէ: Նրանք նման Հայաստան են ուզում, որտեղ տեղի են ունենում բացառապես անհեթեթ իրադարձություններ:
Ահա թէ ում համար է վտանգ ներկայացնում Ռոբերտ Քոչարյանը: Ամեն ինչ այնքան պարզ է, որ երկար բացատրելու, մեկնաբանելու կարիք չի զգացվում: Բայց այս անհեթեթությունը երկար չի կարող տեւել: Այս ամենը շուտով կունենա իր տրամաբանական ավարտը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը