Մենք Դավիթ Խաժակյանի գործունեությունից ավելի քան գոհ ենք, և նա իր գործունեությամբ ցույց է տվել, թե ինչպես պետք է աշխատի ընդդիմադիր ավագանին: Այս մասին դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանիում Դավիթ Խաժակյանի հետկանչման հարցին:
«Նա կարևոր օրինակ է Հայաստանի երիտասարդների համար, ովքեր ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ, միևնույն ժամանակ իրավիճակներ կան, որ պարոն Խաժակյանի ազդեցությունից դուրս են, բայց նա դրա համար պատասխանատվություն է կրում: «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը մեղադրում են ոչ մեր անդամների գործունեության համար: Հիմա մենք ինչքան կարող ենք անդադար մեկանբանել, պարզաբանել, և սա մեզ համար լուրջ խնդիր է: Մենք մտածում ենք՝ միգուցե չմասնակցենք, որ որևէ կերպ թիրախ չդառնանք»:
Էդմոն Մարուքյանը նման որոշում կայացնելու մեջ մեղադրեց նաև լրագրողներին, թե նրանք երեկ կարևոր հարցերը թողած, այլ բան են լուսաբանել. «Դավիթ Խաժակյանը երեկ ամբիոնից բացահայտել է քաղաքապետարանում տեղի ունեցած պաշտոնական կեղծիք, կարո՞ղ եք ասել որտեղ է դրա լուսաբանումը, չկա, բայց կա այլ լուսաբանում քաղաքապետի ծիծաղի և այլ հարցերի վերաբերյալ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը