Politik.am-ը գրում է․
«2018 թվականի սեպտեմբերի 11-ին, երբ համացանցում հայտնվեց ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով մասնակցում էր Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավին այս հարցի վերաբերյալ հատուկ ելույթ ունեցավ․«Ես ուզում եմ ասել, որ դա դավադրություն, հանցագործություն է Հայաստանի պետականության նկատմամբ: Ես հանձնարարել եմ ԱԱԾ-ին, ոստիկանությանն ամենակարճ ժամանակում հայտնաբերել դավադրությունը կազմակերպողներին և ենթարկել ամենախիստ պատասխանատվության»,- ընդգծեց Փաշինյանը:
Վարչապետը հիշեց՝ երբ դեռ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր էր, հրապարակել էր տեղեկություն, որ իրենց տեղեկություններով որոշ օլիգարխներ և պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ժողովրդից թալանած միջոցներով ձեռք են բերել գաղտնալսման սարքեր և պետական ծառայություններին զուգահեռ ստեղծել են հատուկ ծառայություններ պետության մեջ: Վարչապետը հավելեց, որ «բոլոր չակերտավոր ծառայությունները հայտնաբերվելու և ոչնչացվելու են»:
Վարչապետ Փաշինյանի այս հայտարարությունից անցել է մեկ տարուց ավել ժամանակ։ Politik.am-ը փորձել է ԱԱԾ-ից ճշտել, թե քանի՞ այսպես կոչված մասնավոր գաղտնի ծառայություն է հայտնաբերվել և զինաթափվել, որոնց մասին 2018 թվականի սեպտեմբերի 11-ին Դավթաշեն համայնքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մեր հարցման ի պատասխան ԱԱԾ-ից տեղեկացրել են․«Ազգային անվտանգության ծառայությունը օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկությունները պարբերաբար մամուլի ծառայության միջոցով հրապարակվում են, իսկ չհրապարակված տեղեկությունները կրում են նախաքննական կամ ծառայողական գաղտնիք»,-ասվում է ԱԱԾ պատասխանում։
ԱԱծ պատասխանից կարելի է եզրակացնել, որ վարչապետ Փաշինյանի հրապարակած տեղեկատվությունը եղել է կեղծ և ԱԱԾ չի կարողացել բացահայտել գոյություն չունեցող մասնավոր գաղտնի ծառայություններ։
Հասկանալի է, որ ԱԱԾ պատասխանում տեղ է թողնվել, որպեսզի վարչապետի հայտարարությունը ամբողջությամբ ապատեղեկոտվություն չհամարվի և հանուն դրա է նշվում, որ չհրապարակված տեղեկությունները կրում են նախաքննական կամ ծառայողական գաղտնիք։ Բայց վերջին մեկ տարվա ընթացքում բոլորին է պարզ դարձել, որ ԱԱԾ չի խորշում շոուներ ցուցադրելուց։ Կառույցը բազմաթիվ անգամներ ոտնատակ է տվել նախաքննության գատնիք ասվածը։ Նման բազմաթիվ գործեր կարելի է թվարկել՝ Հովիկ Աբրահամյանի հետ կապվող զենքերի պատմությունը, որը ԱԱԾ նկարահանած շոուից ամիսներ անց միայն հերքվեց, գեներալ Մանվելի գործը, երկրորդ նախագահ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամներին վերաբերվող մի քանի հայտարարություններ։ Այնպես որ վստահ կարելի է ասել, որ եթե լինեին մասնավոր գաղտնի ծառայություններ, ապա հանրությունը դրա մասին կլսեր հնարավոր բոլոր միջոցներով, որոնք կան իշխանությունների ձեռքի տակ։
Փաստենք, որ վարչապետ Փաշինյանը 2018 թվականի սեպտեմբերի 11-ին կեղծ կամ ինչպես նոր իշխանության ներկայացուցիչներն են սիրում ասել՝ ֆեյք տեղեկություն է հրապարակել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը