02 12 2019

Դավիթ Տոնոյանի մասին բացասական հոդվածներն ավելի բազմաբնույթ են. «Մեդիա պաշտպան»

Դավիթ Տոնոյանի մասին բացասական հոդվածներն ավելի բազմաբնույթ են. «Մեդիա պաշտպան»

2019թ-ի նոյեմբերի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 97 հոդված, որոնցից 3-ը եղել է բացասական, 12-ը՝ դրական, 82-ը՝ չեզոք։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մասին այս տասնօրյակում դիտարկվել են ավելի շատ դրական հոդվածներ, սակայն բացասական հոդվածներն ավելի բազմաբնույթ են։ Որպես դրական հրապարակում` առանձնացվել է այն, որ Անդրանիկ Քոչարյանն իր որդուն Արցախ ծառայելու ուղարկելով փորձել է հավասարվել Նիկոլ Փաշինյանին և Դավիթ Տոնոյանին, որոնց որդիները նույնպես Արցախում են ծառայում։ Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ՊՆ-ի հետ կապված մի շարք հարցեր է բարձրացրել։

Ալեքսանդր Սիրունյանը փորձում է ճշտել արդյոք ՊՆ-ում գործու՞մ են ազգակցական կապեր, թե՞ ոչ։ Ալեքսանդր Սիրունյանը խնդրել է հերքել կամ հաստատել. «Արդյոք Դավիթ Տոնոյանը և ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Գ. Մայիլյանը ազգականնե՞ր են՝ փեսա աներորդի, հատկապես երբ բնակվում են նույն հասցեում։ Արդյոք Դավիթ Տոնոյանը և հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը ազգականնե՞ր են՝ մորաքրոջ որդիներ»։

Ըստ Սիրունյանի, հարցումն ուղարկվել է, բայց դեռևս որևէ պատասխան չի ստացվել։ Ամիսներ առաջ ստեղծվել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որը ղեկավարում է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Օրերս Գաբրիել Բալայանը տեղեկացրեց, որ Դավիթ Տոնոյանին դեռևս այդ հանձնաժողովից չեն հրավիրել։ Բալայանը հրաժարվել է մեկնաբանել հարցը, նշելով, որ դա օրենսդիր մարմնի իրավասությունների շրջանակում է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ