Մոտ երկու տասնամյակ Ռոբերտ Քոչարյանի շուրջ հյուսվող լեգենդներից մեկն էլ վերաբերում է բանկերին: Բանկ չկա, որը չկապվեր երկրորդ նախագահի և նրա ընտանիքի հետ: Դրա մասին գրում էր մամուլի հայտնի շրջանակը, եթերից և Ազատության հրապարակի հարթակից խոսում էր իրար փոփոխող ընդդիմությունը։ Սուտը անդադար և նույն համառությամբ, երբ երկար կրկնում ես ու հակազդեցություն չի լինում, այն տարածում է գտնում, հայտնվում են մարդիկ, որոնք հավատում են մյունհաուզենյան ստերին, վերածվելով դրանց կրողների և տարածողների: Ու այդպես տարածվում է անպատիժ սուտը։
Հիմա հայաստանյան բանկերի և բանկային համակարգի մասին: Հայաստանում այսօր գործում են 17 առևտրային բանկեր՝ 525 մասնաճյուղերով։ Ընդ որում, որևէ բանկ դաշտում մենաշնորհի հավակնություններ չունի: և այստեղ պետք է շեշտել, որ այս ամենը հենց Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականության հետևանքն է: 1998 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանը դարձավ ՀՀ նախագահ, Հայաստանում գործում էր 31 բանկ, ընդամենը 178 մասնաճյուղով: Բանկերի քանակը և մասնաճյուղերի թիվը հուշում է, թե ինչ վիճակում է եղել հայաստանյան բանկային համակարգը: Բացվող և արագ փակվող բանկերը, սնանկացող և հազարավոր մարդկանց խնայողությունները գողացող ու փոշիացնող բանկեր, տասնյակ հազարավոր տուժած ավանդատուների ընտանիքներ: Կար անկայուն, ռիսկային բանկային համակարգ։ Բնականաբար, այդ վիճակը չէր կարող երկար շարունակվել: 2002 թ. փոփոխություններ և լրացումներ են կատարվում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» և «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքներում: Փոփոխությունների արդյունքում ընդլայնվում են Կենտրոնական բանկի խորհրդի լիազորությունները՝ նպատակ ունենալով կանխարգելել ՀՀ տարածքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառությունը բանկերում և վարկային կազմակերպություններում: Այս փոփոխություններն աստիճանաբար իրենց դրական ազդեցությունն ունեցան բանկերի, բանկային համակարգի վրա: 2008-ին բանկերի թիվն արդեն 22 էր՝ 380 մասնաճյուղերով: Ամենակարևորն այն է, որ Քոչարյանի նախագահության շրջանում այլևս բանկերն անակնկալ չէին սնանկանում և փակվում, ավանդատուներին դնելով ծանր իրավիճակում: Մասնաճյուղերի թվի աճն էլ հուշում է, որ բանկերն արդեն հասանելի էին նաև մարզերի բնակչությանը: Մեկ կարևոր վիճակագրություն ևս. 1998թ. բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 26 375 մլն դրամ, իսկ ընդհանուր ակտիվները՝ 159 929 մլն դրամ, իսկ 2008թ. ընդհանուր կապիտալը դարձել է 235 690 մլն դրամ, իսկ ընդհանուր ակտիվները՝ 1 024 232 մլն դրամ։
Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների սկզբի ու վերջի համեմատ բանկային համակարգի ակտիվներն ավելի քան եռապատկվել են աճելով 227%-ով, ընդ որում, միջին տարեկան աճը կազմել է 16.3%: Դրան զուգահեռ կապիտալի գծով ևս էական արդյունքներ են գրացնվել, մասնավորապես՝ միջին տարեկան 39.5 տոկոսաճ, իսկ 1998-ի նկատմամբ 2008-ին այն ավելի քան քառապատկվել է։ Այս ամենը բացատրվում է բանկային համակարգի զարգացմանը զուգահեռ մրցունակ դիրքեր ապահովելու նպատակով բանկերի խոշորացման գործընթացով և բանկային համակարգում օտարերկրյա ներդրումների աճով։ Այս բոլոր գործընթացների արդյունքում ՀՀ բանկային համակարգը ձեռք է բերել անչափ կարևոր մի հատկանիշ՝ այն դարձել է կանխատեսելի և վստահելի օղակ երկրի տնտեսության ֆինանսական ոլորտում, ինչն իր հերթին ավելի է ամրապնդում համակարգի կայունությունը։ Համառ և նպատակասլաց աշխատանքը բանկային համակարգի կայացման գործում շարունակական բնույթ է կրել: 2002-2003 թթ.էական փոփոխություններ և նորամուծություններ են կատարվում բանկային օրենսդրությունում՝ մասնավորապես ընդունվում է «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, որով Հայաստանի Հանրապետության տարածքում վարկային կազմակերպությունների լիցենզավորման և վերահսկողության բացառիկ իրավասությունը վերապահվում է Կենտրոնական բանկին: Եվ արված աշխատանքը չէր կարող անարդյունք լինել: Մեկ օրինակ ևս. եթե 2004թ. Հայաստանում գործել է 9 վարկային կազմակերպություն, ապա 2008-ին արդեն վարկային կազմակերպությունների թիվը 23 էր՝ 48 մասնաճյուղով։ ևս մեկ կարևոր քայլ, որը նպաստեց բանկային համակարգի ամրապնդմանը: 2007թ. օրենսդրորեն ամրագրվում է նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը ոչ թե սահմանում, այլ հրապարակում է արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը: Բանկային համակարգը Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում կայանում և ամրապնդվում էր։ Եվ հենց այս փաստը, որքան էլ տարօրինակ հնչի, Ռոբերտ Քոչարյանի հակառակորդներն օգտագործեցին նրա դեմ: «Եթե այսքան բանկ և վարկային կազմակերպություն է ստեղծվել, ուրեմն Քոչարյանը դրանց հետ կապ ունի կամ հենց իրենն են»,- գործի դրվեց հրեշավոր ստի մեքենան և սկսեց անդադար ստեր տարածել: Ստացվում է, որ Քոչարյանի մեղավորությունը բանկայում համակարգում մեկն է. նրա պաշտոնավորման օրոք սրընթաց կայացել է բանկային համակարգը, այն մատչելի են դարձել ողջ երկրով մեկ, դադարել են գոյություն ունենալ «ավանտյուրիստ» բանկեր, որոնք հազարավոր ընտանիքների դժբախտության էին հասցնում, բանկերը սկսել են իրական աջակցություն տնտեսության զարգացմանը։ Սա է երկրորդ նախագահի միակ «մեղավորությունը» բանկային համակարգում, որի համար էլ, ըստ էության, այն տարիների ընդդիմությունը և հայտնի մամուլը նրան վերագրեց ՀՀ բոլոր հիմական բանկերում սեփականատեր լինելու մեղադրականը։ Երկրորդ նախագահի բանկեր ունենալու մասին կեղծ տեղեկատվությունը պարբերաբար ինչ-որ կենտրոնների կողմից նետվում էր և նետվում է շրջանառության: Մի՞թե այս լուրերը, հատկապես, այսպես կոչված, հեղափոխությունից հետո չի ստուգվել պետական համապատասխան մարմինների կողմից ։ Կասկած չկա, որ ստուգվել է: Իսկ եթե հիմա լռություն է, ապա պարզ է, որ ստուգվել է և ոչինչ չի ապացուցվել։ Գործը հասավ նրան, որ այն բանկերը, որոնց կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ, ստիպված հրապարակային հայտարարություններով հերքեցին ստահոդ լուրերը: Այսպես, «Արդշինբանկ»-ը պաշտոնապես հայտարարել է, որ ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ նրա հետ փոխկապակցված անձինք, երբևէ չեն հանդիսացել Արդշինբանկի բաժնետոմսերի սեփականատեր: Վերոնշյալ տեղեկատվությունը հաստատելու համար Բանկը պատրաստակամություն է հայտնել ներկայացնել Բանկի բաժնետերերի վերաբերյալ համապատասխան տեղեկանք ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայից: «Կոնվերս բանկ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանն էլ ասել է, թե բանկի բաժնետերերն են Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի-ն, ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ Բի. ՎԻ. Ընկերությունը և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Բանկի 95 տոկոս բաժնեմասի վերջնական շահառուն՝ առաջին երկու ընկերությունների միջոցով հանդիսանում է Էդուարդո Էռնեկյանը: Բանկը նաևի պաշտոնապես հաստատել է, որ Ռոբերտ Քոչարյանը, նրա ընտանիքի անդամները և հարազատներն ուղղակի և անուղղակի որևէ մասնակցություն երբևէ չեն ունեցել և չունեն Կոնվերս Բանկ ՓԲԸ-ում: Նույնանման հայտարարություն է արել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի վարչության նախագահ Արսեն Միքայելյանը, ասելով, թե Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը, Բելլա Լևոնի Քոչարյանը, Սեդրակ Ռոբերտի Քոչարյանը, Գայանե Ռոբերտի Քոչարյանը, Լևոն Ռոբերտի Քոչարյանը կամ Քոչարյանի ընտանիքի մոտ հարազատները չեն հանդիսանում և երբևիցե չեն հանդիսացել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի բաժնետերեր: «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի միակ բաժնետեր է հանդիսանում Վիտալի Սարգսի Գրիգորյանցը: «Յունիբանկը» նույնպես պաշտոնական հերքում է կատարել նշելով, որ Ռոբերտ Քոչարյանը կամ նրա ընտանիքի անդամները և նրանց հետ փոխկապակցված անձինք չեն հանդիսացել և չեն հանդիսանում ««Յունիբանկ»-ի բաժնետեր: Այս հերքումներից հետո լռում են այն լրատվամիջոցները, որոնք ակտիվորեն լծված էին Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի մասին կեղծ լուրերի տարածմանը: Գոնե տարրական բարոյականությունը և լրագրական էթիկայի կանոնները հուշում են, որ նրանք գոնե պետք է անդրադառնային բանկերի պաշտոնական հաղորդագրություններին: Բայց ոչ, նրանց գործը մարդկանց թյուրիմացության մեջ գցելն էր, հիմա արդեն լռում են: Եվ այսպես, հերթով պետք է լռեցնել Երկրորդ նախագահի մասին բոլոր կեղծ և վարկաբեկիչ լեգենդները։ Նրանց հեղինակներին լռեցնելը մեր խնդիրը չէ, դա անօգուտ է։ Պետք է կազմաքանդել բոլոր հիմնական լեգենդները և հասարակությանը ցույց տալ, որ նրանց բոլոր ասածները նույնքան անհիմն են և բացառապես նեղ անձնական վրեժի մոտիվացիայով։ Ոչինչ՝ ավելին։ Վիգեն Երեմյան «Իմ ձայնը» նախագիծ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը