30 11 2019

Վիտալի Բալասանյանը կառաջադրվի որպես Արցախի նախագահի թեկնածու

Վիտալի Բալասանյանը կառաջադրվի որպես Արցախի նախագահի թեկնածու

Արցախի «Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարում  Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը հայտնեց, որ մասնակցելու է հաջորդ տարի Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին։

«Ես այս քաղաքական պայքարի մեջ եմ մտնում հանուն մեր ժողովրդի համերաշխության եւ միասնության, հանուն արցախցու արժանապատվության»,-նշեց Բալասանյանը՝ հավելելով․

«Մենք առավել կարեւորում ենք հետեւյալը՝ Հայաստանը որպես Արցախի եւ նրա բնակչության ֆիզիկական անվտանգության երախավոր որքանո՞վ է համարժեք գնահատում եւ արձագանքում հայկական երկու պետություններին նետված նոր մարտահրավերներին: Արդյոք բավարար չափով են չեզոքացվում առկա սպառնալիքները:

2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում Արցախի խնդրի կարգավորման հարցում ստեղծվեց նոր իրավիճակ՝ պայմանավորված ՀՀ իշխանությունների որդեգրած նոր մոտեցումներով, սկզբունքներով, մարտավարությամբ եւ ռազմավարությամբ: ՀՀ-ում ստեղծված այս նոր իրողություններին արագ արձագանքեցին Ադրբեջանի իշխանությունները: Նրանց ռազմավարությունը  մնաց նույնը՝ այն է՝ վերացնել Արցախի սուբյեկտայնությունը, տարածքը բռնակցել իրեն, իսկ տեղի բնակչության համար նախատեսել Բաքվի, Սումգայիթի, Գանձակի եւ հայկական այլ բնակավայրերի հայության ճակատագիրը, իսկ մարտավարության մեջ տեղի ունեցան փոփոխություններ»,-ասաց Բալասանյանը:

Այո, դեռեւս կա Արցախի չլուծված հիմնախնդիր, որը պետք է լուծվի: Այդ հարցում մեր դիրքորոշումը չի փոխվել՝ Արցախի եւ Ադրբեջանի փոխադարձ ճանաչումը եւ հակամարտության ուժային լուծումից հրաժարումը պետք է ելակետային դառնա, ոչ թե հանդես գա նրանց միջեւ բանակցությունների վերջնակետ: Մեր կողմից Ադրբեջանին բավականին զիջումներ արդեն իսկ արվել են: Զիջել ենք, երբ 1994-ին ստորագրեցինք զինադադարի մասին համաձայնագիրը, զիջեցինք, երբ դադարեցրինք դառնալ բանակցային կողմ, զիջեցինք, երբ 2016-ի ապրիլին համաձայնեցինք կասեցնել հաջողությամբ իրականացվող հակահարձակումն Ադրբեջանի զինված ուժերի նկատմամբ»,-ասաց Վիտալի Բալասանյանը՝ նկատելով, որ պատերազմող երկրի համար մեծ շռայլություն եւ պարտության նախապայման է առկա աշխարհաքաղաքական իրավիճակը ոչ համարժեք գնահատելը. «Մեր երկրի անվտանգությունը մեծացնելու համար անհրաժեշտ հրամայական է առավել սեղմ ժամկետներում վերականգնել ժողովրդի խարխլված համերաշխությունը, վերացնել աղքատությունը, սոցիալական արդարության դեֆիցիտը, առավել արդյունավետ դարձնել տնտեսության կառավարումը: Արցախիցն պետք է ապրի արժանապատիվ կյանքով, պատանդին պետք է ստանա հայեցի դաստիարակություն եւ կրթություն»,-ընդգծեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ