«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը սկսում է մշտադիտարկել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին վերաբերվող հոդվածները։ Լրատվական դաշտում այս տասնօրյակ Զոհրաբ Մնացականյանի վարկանիշը բացասական է։
2019թ-ի նոյեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 194 հոդված, որոնցից 47-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 145-ը՝ չեզոք։
Մամուլում նշվում է, որ Զոհրաբ Մնացականյանն անընդհատ հայտարարում է, թե Հայաստանի համար առաջնահերթ է Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը, բայց այդպես էլ չեն բացահայտվում՝ ինչպե՞ս, ին՞չ սկզբունքով են առաջնորդվելու։
Օրերս, բողոքի ակցիա էր տեղի ունեցել ԱԳՆ շենքի մոտ։ ՀՀԿ երիտթևը պահանջում էր Զոհրաբ Մնացականյանի հրաժարականը։ Ակցիայի մասնակիցները նամակ էին փոխանցել նախարարություն, որում մասնավորապես նշվում էր. «Պատկերավոր ասած, պարոն նախարար, Դուք ձախողակ եք, չնայած Ձեր պարագայում սա ոչ թե պատկերավոր արտահայտություն է, այլ Հայաստանի Հանրապետության համար վտանգավոր իրականություն»։
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ նշել է, որ բարձր է գնահատում քաղաքացիների կազմակերպվածությունը և հավելել է, որ նամակն իրենց դուր չի եկել, քանի որ խախտվել են քաղաքավարության կանոնները։
Հոգեբան Միհրդատ Մադաթյանն էլ, անդրադառնալով բողոքի ակցիաներին, նշել է, որ «գործող կառավարության սխալներն այնքան շատ են, որ հնարավոր չէ կենտրոնանալ մեկի վրա, ֆոկուսը ցրվում է»: ՀՀԿ երիտթևի նախագահ Հայկ Մամիջանյանն էլ իր խոսքում նշել է. «Կարևորագույն կետ է, որ իմ երկրի ԱԳ նախարարն իրապես պաշտպանի մեր երկրի շահերը, մեր երկրի խնդիրների լուծմամբ զբաղվի միջազգային հարթակներում, այլ ոչ թե իր և ֆեյսբուքյան ֆեյք ու կիսաֆեյք օգտատերերի հնչեցրած կարծիքներն ու մոտեցումները նույնը լինեն»։
Վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն էլ, իր հերթին սատար է կանգնել Զոհրաբ Մնացականյանին և գրել. «ՀՀԿ-ն զայրույթը թափում է Փաշինյանի ԱԳ նախարարի վրա, ով Փաշինյանի արցախյան քաղաքականությունը, նրան էլ՝ հետը, արտաքնորեն էլ է լեգիտիմացրել... Հրաժարական են պահանջում, որ Հայաստանի նոր իշխանություններն իրենց ղալաթներն է վերացնում ու դանդաղ, բայց կարծես թե հաջողում է։ Բա ասում էիք` Զոհրաբ Մնացականյանը «խայտառակ» հարցազրույցներ է տալիս ու չի կարողանում Հայաստանի շահերը ներկայացնել… Բա որ չի կարողանում, էս արդյունքները որտեղից են հայտնվո՞ւմ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը