19 11 2019

Ո՞վ է Արայիկ Հարությունյանը, որ նրա շանտաժից հետ կանգնենք․Իշխան Սաղաթելյան․168․am

Ո՞վ է Արայիկ Հարությունյանը, որ նրա շանտաժից հետ կանգնենք․Իշխան Սաղաթելյան․168․am

168.am-ը գրում է․ «ԵՊՀ դասախոսների հանդիպման ժամանակ երեկ տհաճ երկխոսություն էր ծավալվել դասախոս Ռիտա Սաղաթելյանի և նախարար Արայիկ Հարությունյանի միջև:

Ժամանակակից Հայոց լեզվի ամբիոնի դասախոս, գիտությունների թեկնածու, դոցենտ Ռիտա Սաղաթելյանը նախարարին հիշեցրել էր, թե նրա խոսքով՝ Հայոց լեզուն ոչ պարտադիր դարձնելով՝ դասախոսները կոռուպցիոն որոշ հնարավորություններից զրկվում են, իսկ վերջերս էլ հայտարարել է, թե նախորդ կառավարությունից բավականին քրեական գործեր ունի հավաքած: Կա՞ արդյոք, քրեական գործ Հայոց լեզվի ամբիոնի որևէ դասախոսի վերաբերյալ, հետաքրքրվեց Ռիտա Սաղաթելյանը:

«Ներողություն, թողեք ես խոսեմ, հա՞, հետո Դուք կխոսեք: Հիմա ձեզ գամ, ձեր քաղաքական թիմին գամ,- ի պատասխան ասել էր Արայիկ Հարությունյանը՝ հավելելով,- Կոռուպցիան բացահայտելը բավականին բարդ գործ է: Բայց ձեր եղբոր տղայի կուսակցությունն անպայման կստանա այդ արկղերով քրեական գործերը»:

168.am-ը ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ռիտա Սաղաթելյանի եղբորորդի Իշխան Սաղաթելյանին խնդրեց մեկնաբանել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի երեկվա պահվածքն առհասարակ ու, մասնավորապես, Դաշնակցության հանդեպ նրա հնչեցրած սպառնալիքները:

«Ցավոք, պետք է արձանագրել, որ նախարարը քաղաքական, անձնական, կուսակցական հարաբերություններն իրարից չի տարբերում, և այդ հանդիպման ընթացքում, այդ պատկառելի լսարանի առջև շատ էժան վարք դրսևորեց, ու Պետական համալսարանի դոցենտի հարցից ջղաձգվելով միայն նրա համար, որ իմ հորաքույրն է, հարցը շեղեց այլ ուղղությամբ, և կրկին մեղադրանք, զրպարտանք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նա շեշտեց՝ «սա է այսօրվա իշխանության պատկերը», որոնք, չնայած Հայաստանը հռչակել են «ժողովրդավարության բաստիոն», բայց չեն հանդուրժում որևէ քննադատություն ու ամեն քննադատությունից ջղաձգվում են, փորձում շանտաժի ենթարկել, վախեցնել, սպառնալիքներ հնչեցնել՝ նախ՝ կրկին ձևախեղելով հարցի էությունը, և հետո էլ՝ չհասկանալով, որ «Դաշնակցության հետ չի կարելի այդ լեզվով խոսել»:

«Մենք երբեք անձնական դաշտ չենք մտել: Այս ամբողջ ընթացքում որևէ դաշնակցական վիրավորական խոսք չի հնչեցրել: Մենք դեմ ենք վարվող քաղաքականությանը: Այս մարդը դա չի հասկանում ու չի ըմբռնում: Համալսարանի դասախոս իմ հորաքույրը նախ՝ կուսակցական չէ: Բացի դրանից՝ իր ամբողջ գործունեության ընթացքում բազմաթիվ անգամներ, սկսած 90-ական թթ, երբ ուսանող է եղել, ինքն իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնելու կաշկանդում չի ունեցել ու չի ունենալու հետագայում: Բերել կուսակցականացնել ակադեմիկոսների, դոկտորների, գիտնականների մոտ այդ հարցն ու փորձել կնոջը վիրավորելը, մեղմ ասած, անդաստիարակություն է»,- ասաց ՀՅԴ ԳՄ անդամը:

Նրա խոսքով՝ իրենք փորձում են զուսպ լինել, չպատասխանել նրանց բոլոր զրպարտանքներին ու շանտաժներին, որովհետև դա իրենց ոճը չէ, բայց դա չի նշանակում, որ նրանք «ամեն անգամ պետք է ավել-պակաս խոսեն»:

Հարցին, թե կարո՞ղ ենք եզրակացնել, որ Դաշնակցությունը չի նահանջելու ու պահանջատեր է լինելու, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, թե նահանջելու մասին խոսք անգամ չի կարող լինել.

«Դաշնակցության դեմ կայսրություններ ու միապետներ են աշխատել, չի նահանջել. ո՞վ է Արայիկ Հարությունյանը, որ նրա շանտաժից մենք հետ կանգնենք մեր գործունեությունից ու մեր ծրագրերից, ու որտեղ տեսնում ենք խնդիր, չբարձրաձայնենք»:

Դաշնակցական գործիչը պնդում է, որ ԿԳՄՍ-ում պետք է հասկանան, որ իրենք ազգային ընդդիմադիր կուսակցություն են, և երբ տեսնում են այդ ոլորտում տարվող ապազգային քաղաքականություն, պետք է դեմ արտահայտվեն, բարձրաձայնեն:

«Ու իրենք թող երբեք փորձ չանեն մեզ շանտաժով վախեցնել: Այդ լեզվով մեզ հետ խոսելն անիմաստ է: Իսկ եթե փորձեն կեղծ գործեր կարելով, ինչ-որ քարոզչությունով մեր դեմ պայքարել, հարվածն ավելի խորն է լինելու: Իրենք պետք է չորոշեն՝ այս երկրում ով է խոսելու, և ով՝ ոչ: Սա՞ է իրենց պատկերացրած ժողովրդավարությունը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ սա կուսակցական պայքար չէ. այս հարցին դեմ է և հասարակության մի մեծ զանգված, և ուսանողություն, և գիտնականներ:

«Երբ սեղանի շուրջ ակադեմիկոսներ, դոկտոր-պրոֆեսորներ են նստած, ու գրիչը ձեռքին՝ «հաթաթա» է տալիս նախարարը, սա շատ տգեղ է: Ու այսպես երկիր չեն կառուցում, երկխոսություն չեն անում, հարցեր չեն քննարկում»,- եզրափակեց Իշխան Սաղաթելյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ