24 10 2019

Հայաստանը օրինակելի երկիր է․ ԵԽ գլխավոր քարտուղարը՝ Արարատ Միրզոյանին

Հայաստանը օրինակելի երկիր է․ ԵԽ գլխավոր քարտուղարը՝ Արարատ  Միրզոյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։ Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։

Մարիա Բուրիչը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը մեծ ուշադրությամբ եւ ոգեւորությամբ հետեւում է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին հատկապես դատաիրավական ոլորտում՝ այս ենթատեքստում ընդգծելով ԱԺ կարեւոր դերակատարությունը։ Հորդորելով շարունակել բարեփոխումները՝ ԵԽ գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել շարունակել կազմակերպության կողմից իրականացվող աջակցությունը։

Արարատ Միրզոյանը նշել է, որ բարեփոխումների ճանապարհին Հայաստանը պատրաստ է լսել բոլորի կարծիքները, ընդգծել, որ սերտ համագործակցություն կա ԵԽ բոլոր կառույցների հետ, եւ Հայաստանը հաստատակամ է ավարտին հասցնել բարեփոխումները։ Արարատ Միրզոյանն անդրադարձել է բարեփոխումներին խոչընդոտող հանգամանքներին, խոսել նաեւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Մարիա Պեյչինովիչ Բուրիչն ի պատասխան շեշտել է, որ Հայաստանը օրինակելի երկիր է ԵԽ բոլոր կառույցների հետ համագործակցության առումով։

Կողմերը քննարկել են Հայաստանի կողմից միջազգային պարտավորությունների կատարման ընթացքը՝ անդրադարձ կատարելով նաեւ կանանց եւ երեխաների նկատմամբ բռնության կանխման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը։ Մարիա Պեյչինովիչ Բուրիչը շեշտել է, որ, ելնելով իր երկրի փորձից, պատկերացնում է առկա բարդությունները եւ անթույլատրելի համարել բռնության դեմ պայքարը ներքաղաքական շահարկման առարկա դարձնելու փորձերը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ