24 10 2019

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բրատիսլավայում

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բրատիսլավայում

«Ամերիկայի ձայնը» գրում է․«ԵԱՀԿ-ի գործող նախագահի միջնորդությամբ Բրատիսլավայում մոտ ժամանակներս կանցնի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին  ասել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը:

«Ես ակնկալում եմ հյուրընկալել երկու արտգործնախարարներին մոտ ժամանակներս Բրատիսլավայում»,-ասել է նա:

Գործող նախագահի խոսքով, նա բարձր է գնահատում նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների կողմից գործադրված ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ. «Այս տարվա ընթացքում մենք դրական նշաններ ենք տեսել, առաջնորդների երկխոսություն, ինչպես նաեւ երկխոսություն նախարարների մակարդակով: Միաժամանակ, գրանցվել են նաեւ մտահոգիչ դրվագներ շփման գծում որոնք հանգեցրեցին մարդկային կորուստների: Սակայն, այժմ իրավիճակը կարծես կայուն է»:

Իր կողմից, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերն «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ընդգծել է, որ միջնորդներն ի դեմս Մինսկի խմբի համանախագահների շարունակում են ակտիվ ներգրավված լինել բանակցություններում: Լուրջ առաջընթացը սակայն հնարավոր է գրանցել առաջին հերթին պետությունների ղեկավարների քաղաքական որոշման դեպքում.

«Անշուշտ, այն դրական տրամադրությունը, դրական դինամիկան, որը մենք տեսանք սեպտեմբերին Դուշանբեում հանդիպման շրջանակներում, դեռեւս չի վերափոխվել իրական առաջընթացի հակամարտության կարգավորման ուղղությամբ»:

ԵԱՀԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներն այս շաբաթ քննարկման էին մասնակցել Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի կենտրոնում կազմակերպված համաժողովին: Անդրադառնալով հակամարտությունների կանխարգելման գործում միջազգային կազմակերպությունների դերին, Միրոսլավ Լայչակը հատկապես կարեւորեց քաղաքական որոշումների նշանակությունը.

«Քաղաքական որոշումները կայացնում են առաջնորդները, երկրի ղեկավարները, նախարարները: Այս դեպքում է հնարավոր արդյունավետ քննարկում, իսկ եթե դա չկա, ապա քննարկումները դառնում են բյուրոկրատական վարժություններ: Մենք կարող ենք աշխատել դեսպանների մակարդակով, սակայն, քաղաքական որոշումները բոլորովին այլ մակարդակի վրա են»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ