NEWS.am-ը գրել է. «Չեմ հասկանում, թե ինչու է իշխանությունն ամեն անգամ այնպիսի քայլեր անում, որոնք իրեն հեղինակազրկում են։ Այս մասին հոկտեմբերի 18-ին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և մյուսների կողմից իշխանության զավթման առերևույթ հանցագործության փաստի առթիվ քրեական գործի հարուցմանը։
«Իշխանության քայլերը պետք է խիստ օրինական լինեն, և ես չեմ հասկանում, թե ինչու են իշխանությունները գնում այնպիսի քայլերի, որոնք իրավական տեսակետից անհիմն են և հեղինակազրկում են իրենց»,- ասել է նա։
ՍԴ նախկին անդամի կարծիքով՝ խնդիրը ոչ թե իրավական է, այլ՝ քաղաքական դաշտում է։ «Քաղաքական խնդիրները չի կարելի զուտ իրավական քողի ներքո անցկացնել, եթե քաղաքական խնդիր են տեսնում, ստիպված են փոխել Սահմանադրությունը»,- ասել է նա։
Անդրադառնալով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հիմնավորմանը, թե Հրայր Թովմասյանը պատգամավորական մանդատը վայր չի դրել ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնելիս, Բալայանն արձագանքեց.
«Երբ ես ժամանակին ընտրվել եմ ՍԴ անդամ, դիմում չեմ գրել կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ։ Երբ ինձ դիմել են, որ ես դիմում գրեմ, ասել եմ՝ ինչու՞ պետք է գրեմ, եթե Սահմանադրությամբ արդեն իսկ ամրագրված է, որ Սահմանադրական դատարանի անդամը չի կարող կուսակցության անդամ լինել։ Ասել եմ, քանի որ ես ընտրվել եմ ՍԴ անդամ, ինձ Դաշնակցության շարքերից հանեք, սա է ճիշտ ձևը, ինչու՞ պետք է անձը դիմում գրի, ասի ես պատգամավորական լիազորություններս դադարեցնում եմ, երբ որ նույն մարմինն իրեն ընտրել է ՍԴ դատավոր»։
Կիմ Բալայանը միաժամանակ նկատեց՝ Սահմանադրական դատարանը դեռևս ճնշման ազդեցության տակ որոշում չի կայացրել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը