«Գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը ճիշտ դիտարկումներ արեց, թե ինչ է կատարվում Հայաստանի և Արցախի հարաբերություններում»,- լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը՝ մեկնաբանելով Բալասանյանի՝ նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունները:
Տիգրան Քոչարյանը նշեց, որ կիսում է նաև Վիտալի Բալասանյանի մտահոգությունները: Ըստ նրա՝ ռազմական գործիչն ասում է այն, ինչ ուրիշները չեն կարողանում ասել, կամ՝ ասում են ոչ հրապարակային.
«Պրոիշխանական լրատվամիջոցները փորձում են ցույց տալ, որ Վիտալի Բալասանյանն ուզում է վերացնել Հայաստանի իշխանություններին, բայց մարդը շատ կոնկրետ բան է ասում, ասում է՝ ով կհամարձակվի սպառնալ Արցախի սուվերենությանը, անվտանգությանը, պետական դավաճանության փորձ է անում, և պետք է մեկուսացվեն, մեսիջը դա է: Վիտալի Բալասանյանը հնչեցնում է այն թեզերը, որոնք շատերը դիվանագիտորեն են ասում, ուղղակի ինքը կանգնեց ու ասաց այն, ինչ շատերը կցանկանային ասել, բայց չեն կարողանում:»:
Տիգրան Քոչարյանը կապ է տեսնում նաև Վիտալի Բալասանյանի հարցազրույցի և ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովի պաշտոնանկության միջև.
«Բալասանյանի հարցազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից հեռացրեց Գրիգորի Հայրապետովին: Ինչո՞ւ եմ սա կապում իրար հետ, քանի որ նա երեկ առաջին անգամ հիշեցրեց Դուշանբեի պատմությունները և տպավորություն ստեղծեց, որ իրեն հայտնի է, թե ինչ է տեղի ունեցել լիֆտում: Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը սկսել է կասկածամտություն դրսևորել իր հետ չքայլած մարդկանց նկատմամբ, միգուցե այս խոսքերից հետո նա ինչ-որ սխալ հետևություններ է արել»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի երեկվա հանդիպմանը, որի ժամանակ բացակայել է Արցախի դրոշը, Տիգրան Քոչարյանը սա «փոքրիկ սրիկայություն» է որակում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը