10 10 2019

ԱԹՍ-ի խոցումը վկայում է հայկական ՀՕՊ պատրաստվածության լավ մակարդակի մասին. Ցինկեր

ԱԹՍ-ի խոցումը վկայում է հայկական ՀՕՊ պատրաստվածության լավ մակարդակի մասին. Ցինկեր

Ադրբեջանական անօդաչու թռչող սարքի խոցումը վկայում է հայկական հակաօդային պաշտպանության ուժերի պատրաստվածության լավ մակարդակի մասին: Այս մասին հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իսրայել-Հայաստան» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը:

Նրա խոսքով՝ Իսրայելը հույս ունի, որ արցախյան հակամարտությունը կկարգավորվի, և այդ ժամանակ բացասական աշխարհաքաղաքական իրավիճակ չի լինի:

Նա նկատեց, որ Իսրայելը տարբեր երկրներ, այդ թվում՝ Ադրբեջան, ռազմական արտադրանքի առաջատար արտահանող երկիր է: Ընդ որում, Ցինկերը չմոռացավ նշել, որ Ադրբեջանին զենք է մատակարարում նաև Ռուսաստանը:

«Կա ըմբռնում, որ որևէ երկրի հետ հարաբերությունները չպետք է կառուցվեն երրորդի դեմ։ Մյուս կողմից՝ կա Իրանը, որը չի թաքցնում Իսրայելը ոչնչացնելու իր ցանկությունը, ուստի այն ամենը, ինչ կատարվում է Իրանի շուրջ, չի կարող չհետաքրքրել Իսրայելին։ Ադրբեջանը, մի կողմից, սահմանակից է Իրանին, մյուս կողմից՝ լավ հարաբերություններ ունի Ղազախստանի և Ուզբեկստանի հետ, որոնց, ինչպես և մուսուլմանական շատ այլ երկրների հետ Իսրայելը լավ հարաբերություններ ունի»,- ավելացրեց Ցինկերը։

Անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերություններին՝ հասարակական կազմակերպության համանախագահն ընդգծեց, որ Թուրքիան վերածվել է աշխարհի առաջատար երկրներից մեկին հակասեմիթիզմի մակարդակով, և այս իրավիճակը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների մակարդակը կարող է փոխվել միայն Էրդողանի հեռանալով։

«Կարևոր է, որպեսզի վատ քաղաքական հարաբերությունները երկրների ղեկավարությունների մակարդակով չվերաճեն վատ հարաբերությունների ժողովուրդների միջև»,- ամփոփեց նա։

Հիշեցնենք, որ Արցախի բանակի ՀՕՊ ստորաբաժանումները սեպտեմբերի 25-ին Ակնայի տարածքում խփել են «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք, որը հետախուզական թռիչք էր կատարում:   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ