Մեր երկրում օրեցօր ավելի են խորանում դատական նիհիլիզմի և պատժիչ արդարադատության դրսևորումները։ Կառավարելի դատարաններ, կառավարելի ՍԴ և պատավիրված վճիռների համակարգը պետությունը հետ է գցելու երկար տարիներ։
Սրընթաց ձևավորվում է մի մթնոլորը, երբ բոլորը հավասարաչափ դառնում են անպաշտպան՝ անօրինականությունների առաջ։
Երկրի քաղաքական ղեկավարության պատկերացումները դատաիրավական համակարգի և արդարադատության վերաբերյալ խոր հակասության մեջ են ոչ միայն Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների, այլև 2018-ին փոփոխությունների պահանջով փողոց դուրս եկած հարյուր հազարավոր մարդկանց առաջ տված խոստումների հետ՝ արդարություն և համերաշխություն։ Դատարանների հանդեպ իրականացված բազմաթիվ ցուցադրական ճնշման փաստերը ահազանգ են այն մասին, որ պետությունը մտնում է պատժիչ ռեպրեսիաների փուլ։ Սահմանադրական դատարանի հանդեպ սանձազերծված գործընթացը կարող ենք գնահատել որպես գործադիրի՝ կամակատար ՍԴ ունենալու ձգտում։
Հասարակության պառակտման և ներքին թշնամանքի խորացման հարցում մեծ դեր է խաղում մարտի մեկի այսպես կոչված դատավարությունը։ Դժվար երկխոսության գնալու, սառը հետևություններ անելու և պետության կյանքում մարտի երկուսի էջը բացելու փոխարեն իշխանությունը գնաց մարտի մեկի մեղավոր նշանակելու և հանրային զգացմունքներ մանիպուլացնելու ճանապարհով։ Այս դատավարությունը ոչ միայն չի գտնելու տասը զոհի մահվան մեղավորներին, այլև չի պատասխանելու հասարակության լայն շերտերին հուզող որևէ կարևոր հարցի։
Քաղաքական որոշմամբ մեղավոր է նշանակվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Վերջին ամիսներին դատարանների նկատմամբ ցուցադրական ճնշումները վկայում են, որ իրավունքի պաշտպանության և արդար դատավարության հնարավորությունները երկրի ներսում արդեն սպառվել են։
Հանձինս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանն այսօր ունի իր քաղբանտարկյալը, որը կալանքի տակ է պահվում հանուն ցուցադրական պատժի՝ օրենքի և իրավունքի խախտման ամենագռեհիկ դրսևորումներով։ Ակնհայտ է, որ առաջիկայում մենք ունենալու ենք ՄԻԵԴ վճիռներ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների՝ դատապարտող գնահատականներ։ Սակայն շատ ավելի կարևոր է հասկանալ, որ այս պահին Հայաստանում ընդամենը մեկ հոգու հանդեպ վրեժի զգացման պատճառով հարվածի տակ է դրվել երկրի ողջ դատական իշխանությունը, ներքին մթնոլորտը և երկրի երկարաժամկետ հեռանկարը։
Կոչ ենք անում իրավապաշտպաններին՝ չմոռանալ սեփական առաքելությունը և գործել այդ առաքելության պահանջների տիրույթում՝ անկախ բոլոր անձնական կապերից և խմբային շահերից։ Այսօր շատ սուր է դրված անհատական պատասխանատվության խնդիրը. վաղը, երբ խնդիրները խորանան, դժվար է լինելու բացատրել այսօրվա լռությունը։
Կոչ ենք անում դատավորներին՝ հավատարիմ մնալ սահմանադրությամբ իրենց վերապահված՝ արդարադատություն իրականացնելու առաքելությանը և գիտակցել յուրաքանչյուրի անձնական պատասխանատվությունը՝ պետությանը վնասող այս գործընթացներում:
Կոչ ենք անում մեր հանրության՝ տարբեր քաղաքական հայացքներ և նախասիրություններ ունեցող շրջանակներին, մի կողմ դնել անձնական և քաղաքական շահերը, քանի որ այստեղ գործ ունենք բացառապես իրավունքի ոտնահարման և արդարադատության համակարգին սպառնացող վտանգի հետ։Կոչ ենք անում՝ աջակցել, սատարել այն դատավորներին, որոնք հավատարիմ են մնում իրենց դժվար մասնագիտությանը և իրենց խղճին։
Կոչ ենք անում՝ միավորել ջանքերը մի քանի պարզ գաղափարի շուրջ. Ռ. Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի, երկրորդ նախագահը պետք է ազատ արձակվի, մարտի մեկի դատավարությունը չի՛ կարող ընթանալ ուղղորդված մեկ կողմի շրջանակներում։ Այս ամենը չանելու դեպքում մենք հետագայում ստանալու ենք նոր մարտի մեկի դատավարություններ, որոնցից յուրաքանչյուրը կընթանա մի որևէ այլ կողմի քմահաճույքներին համապատասխան։
Այլընտրանքային նախագծեր խումբ
Վահե Հովհաննիսյան
Ստեփան Մարգարյան
Էլինար Վարդանյան
Գեղամ Նազարյան
Մարինե Սուքիասյան
Հովակ Կյուրեղյան / Ազատ խոսքը, ազատ միտք ՀԿ/
Սողոմոն Մրջումյան / Իմ ձայնը նախագիծ/
Ասյա Օվանյան / Իմ ձայնը նախագիծ, փաստաբանների պալատի անդամ/
Հայտարարությունը բաց է միանալ ցանկացողների համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը