27 09 2019

ՀՀ ԱԳՆ-ն ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Արցախի հարցը

ՀՀ ԱԳՆ-ն ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Արցախի հարցը

ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 26-ին հանդիպեց Սլովակիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակին:

ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ ողջունելով ԵԱՀԿ-ում Սլովակիայի հաջող նախագահությունը՝ նախարար Մնացականյանը եւս մեկ անգամ հայտնեց Հայաստանի աջակցությունը անվտանգ ապագայի կառուցման եւ արդյունավետ բազմակողմ դիվանագիտության վերաբերյալ Սլովակիայի նախագահության առաջնահերթություններին:

Գործընկերներն առանձնահատուկ կարեւորեցին ԵԱՀԿ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը՝ ընդգծելով կազմակերպության առջեւ ծառացած մարտահրավերները համագործակցային ոգով հասցեագրելու եւ ԵԱՀԿ գործիքակազմի կիրարկման համար բավարար կամքի դրսեւորման անհրաժեշտությանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների հավակնոտ օրակարգը՝ մեծապես կարեւորելով այդ գործընթացում ԵԱՀԿ կառույցների շարունակական աջակցությունը:

Նախարար Լայչակի խնդրանքով՝ Հայաստանի ԱԳ նախարարն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին, մասնավորապես սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպմանը: Ներկայացնելով գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը եւ մոտեցումները՝ նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց Արցախի՝ գործընթացի նկատմամբ սեփականության զգացումի ընդլայնման եւ ամրապնդման կարեւորությունը

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ