13 09 2019

Փաշինյանն արդեն պարտվել է․ պետք է լինեն նոր ընտրություններ․ Politik.am

Փաշինյանն արդեն պարտվել է․ պետք է լինեն նոր ընտրություններ․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը արդեն մեկ տարի չորս ամիս է ինչ իշխանության է, բայց այս ընթացքում չի հասցրել որևէ ակնառու հաջողություն արձանագրել։ Վարչապետ Փաշինյանն ու իր թիմը տապալվել են բոլոր ուղղություններով։ Իշխանության գալուց հետո նրանք հայտարարեցին, որ չեն փոխում արտաքին քաղաքական առաջնահերությունները, բայց մի քանի անխոհեմ քայլերի արդյունքում փչացրին հարաբերությունները դաշնակից երկրների հետ, առաջին հերթին ռուսաստանի Դաշնության հետ։ Սրա փոխարեն սակայն Փաշինյանի իշխանությունը չկարողացավ առավել լավ հարաբերություններ ստեղծել Արևմուտքի հետ։

Փաշինյանն ու իր թիմը տապալել են ներքին համերաշխության պահպանումը։  Ընտրություններում մի քանի տոկոս ավել ձայն ստանալու համար Փաշինյանը դաշտը բաժանեց սևերի և սպիտակների։ Փաշինյանն, ինչպես նախկին դեսպան Մինասյանն էր նկատել, խրամատավորեց ամբողջ Հայաստանը։ Այսօր որոշակի ճիգեր փորձում են գործադրել, որպեսզի դուրս գան խրամատներից, սակայն պրոցեսն այլևս անդառնալի է։ 

Նոր իշխանությունները տապալվել  են նաև տնտեսական հարցերում։ Փաշինյանը չկարողացավ Հայաստան բերել իր խոստացված ներդրումները, չկարողացավ օրինական ճանապարհով պատժել իր իսկ նշած թալանչիներին, չնվազեց գազի և էլէներգիայի սակագները։ Հիմա էլ վարչապետ Փաշինյանն անլուծելի խնդրի առաջ է կանգնել Ամուլսարի ոսկու հանքի հարցով։ Նա իր սկզբուննքերին հավատարիմ այնքան ձգձգեց հարցի լուծումը, որը հիմա ցանկացած լուծման դեպքում իր իշխանությունը շահած չի կարող դուրս գալ:

Ըստ էության, Փաշինյանը հնարավոր բոլոր ուղղություններով պարտվել է և եթե իրապես մտահոգ է պետության ժողովրդավարական ապագայով, ապա պետք է հրաժարական ներկայացնի։ Փաշինյանը պետք է հնարավորություն տա հասարակությանը քաղաքական դաշտը ձևավորել առանց էյֆորիայի ազդեցության։ Նոր ընտրություններից հետո Հայաստանի գոնե ներքաղաքական կյանքը կմտնի հանդարտ հուն, որից հետո առավել հեշտ կլինի մնացյալ հարցերի լուծումը։ Նոր ընտրություններին այլընտրանք չկա, ձգձգումը Փաշինյանի խնդիրներն իրականում խորացնում է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ